«Ժողովուրդ»․ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օղակը ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ սեղմվում է: Չի բացառվում, որ Թորոսյանն առաջիկայում ձերբակալվի:

Երեկ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ձերբակալեց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, քանի որ Սիմոնյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրոք նրա տեղակալն էր:

Տեղեկացանք նաև, որ այս գործով հարցաքննությունները ինտենսիվ շարունակվում են:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել է ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը, որը Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ դարձյալ փոխնախարար է եղել և Քովիդի գծով համակարգողը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առայժմ իրավապահները Սմբատյանին միայն հարցաքննել են, իսկ թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը:

Շղթան այսքանով չի ավարտվում: Հարցաքննվել են նաև 5 հիվանդանոցի տնօրեններ, որոնք Քովիդով հիվանդների են սպասարկել:

Հարցաքննվել են նաև առողջապահության արդեն նախկին նախարար Թորոսյանի աշխատակազմի երեք ղեկավարները, որոնցից Լուսինե Քոչարյանը և Ծաղիկ Վարդանյանն անգամ առերեսվել են:

Այսպիսով, նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխին սև ամպեր են կուտակվում, քանի որ, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, նրա դեմ ցուցմունք տվողներ կան, ինչը ենթադրել է տալիս, որ Թորոսյանը ևս առաջիկայում գուցե ձերբակալվի:

Հիշեցնենք, որ Թորոսյանն այն նախարարն էր, որ նշանակվելուց հետո շատ անվանի բժիշկների ու առողջապահության կազմակերպիչների մասով «լայվ» էր մտնում ու հրապարակային բոլորին թալանի, կոռուպցիայի համար մեղադրում: Հիմա բացահայտվել է, որ ինքն է ղեկավարել ու կազմակերպել թալանը: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները Թորոսյանի գործունեության շուրջ միայն Քովիդի գործընթացով չէ, որ բացահայտումներ են արել:

Այլ նորություններ էլ կան, որոնց մասին կներկայացնենք առաջիկայում:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի՝ նոյեմբերի 22-ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել, որ Աժ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության:

Ասել է թե՝ նախաքննական մարմինը պատրաստվել է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, սակայն իրավապահ համակարգում գնահատական է հնչել, որ նրան մեղադրանք առաջադրելու պահը դեռևս չի հասունացել: Արդեն իսկ քրեական գործով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին: Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը»:

Yerevan today