Արցախի պետնախարար․ Անհրաժեշտ է հստակեցնել կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները

Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Գուրգեն Ներսիսյանը երեկ հրավիրել էր խորհրդակցություն քաղպաշտպանության բոլոր ծառայությունների և շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարչության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ խորհրդակցության ընթացքում Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որպեսզի բոլոր իրավիճակներում պատշաճորեն ապահովվի բնակչության անվտանգությունը։

Հանդիպման ընթացքում զեկուցվել է ապաստարանների վիճակի, ինչպես նաև քաղպաշտպանության պլանով նախատեսված միջոցառումների մասին։ Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետում ներկայացնել կատարման ենթակա աշխատանքների ցանկը՝ համապետական միջոցառում պլանավորելու և պետական կառավարման համակարգում աշխատող անձանց ու քաղաքացիների ուժերի մեկտեղմամբ այդ աշխատանքները կատարելու համար:

Գուրգեն Ներսիսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել իրավիճակից բխող հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ:

Verelq.am