Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը և խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը` նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները` ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու քայլերը»,– ասված է հաղորդագրությունում։

Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը քննարկելիս Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու, ՌԴ խաղաղապահների հետ սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը:

Sputnik Արմենիա