Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՄԻԱՅՆ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԿՈՂՄ

Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունները հնարավոր են միայն կողմերի իրավահավասարության պայմաններում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երկրորդ հանդիպման հրավերը «Ղարաբաղի հայ հանրության ներկայացուցիչներին՝ վերինտեգրման շփումները շարունակելու, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու նպատակով։ Առաջարկվում է հանդիպումն անցկացնել առաջիկայում, Բաքվում։

«ԶԼՄ-ների միջոցով իր փոխանցած «առաջարկով» Բաքուն մեկ անգամ ևս ցուցադրում է, որ չի էլ պատրաստվում բանակցություններ վարել։ Նախ՝ ինչ վերաբերում է բանակցային գործընթացին։ Արցախը միշտ կողմ է եղել բանակցություններին և խաղաղ կարգավորմանը։ Բայց բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն իրավահավասար կողմերի միջև, միջազգային միջնորդների մասնակցությամբ՝ հանձինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների։ Ձևաչափը՝ Արցախ, Ադրբեջան, Հայաստան, ամրագրվել է դեռևս 1994թ.։ Երկրորդ՝ գոյություն ունի միջազգայնորեն ընդունված ձև։ Բանակցությունների հրավերը ԶԼՄ-ների միջոցով չեն հանձնում, եթե, իհարկե, տրամադրված են բանակցություններ վարել, ոչ թե բանակցությունների երևութականություն ստեղծել։ Նամակը պետք է հանձնվի միջնորդների միջոցով կամ ուղիղ, բայց ոչ թե ԶԼՄ-ների միջոցով։ Երրորդ՝ Բաքվին հիշեցնենք, որ գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնք»։ Արցախի Հանրապետությունը պետություն է, թեկուզև չճանաչված։ Եվ Ադրբեջանի համար չճանաչված լինելը բնավ խոչընդոտ չէ, ինչի մասին վկայում են նրա կապերը այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության և Թայվանի հետ։

Ելնելով թվարկվածից՝ կարելի է փաստել, որ Բաքվում ակնհայտորեն չեն ցանկանում, որ բանակցային գործընթացը վերականգնվի»,- ընդգծել է Բաբայանը։

Նա նաև հիշեցրել է, որ միջազգային միջնորդն անհրաժեշտ է անվտանգության նվազագույն երաշխիքների համար՝ նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը մշտապես չի կատարում պայմանավորվածությունները։ «Վերջին օրինակներից է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չկատարելը։ Տարբերակը, որի դեպքում Բաքվում պարզապես կձերբակալեն Ստեփանակերտի պատվիրակությանը, կյանքից կտրված չէ։ Եվ ի՞նչ՝ նորից կսկսվեն կոչե՞րը։ Չնայած մարդիկ արդեն կարող են և ողջ չլինել»,- ամփոփել է Բաբայանը։

News.am