Կարապետ Մանվելյանին հարվածած ադրբեջանցի մարզիկը որակազրկվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանի հետ մենամարտող ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովը որակազրկվել է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

 


Տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղթանակից հետո Մանվելյանը մոտենում Հասանովին` ձեռքը սեղմելու, սակայն վերջինս հարվածում է հայ ըմբիշին։

«Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով»,– ասված է հաղորդագրությունում:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն:

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանն այսօր հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։

55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը 7:1 հաշվով պարտության է մատնել Ռահիմ Հասանովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։

63 կգ քաշային կարգում էլ մեկ այլ հայ մարզիկ` Սահակ Հովհաննիսյանը, 3։1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշ Խուրշուդ Բաբաշովի նկատմամբ։ Հովհաննիսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

Նշենք, որ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով։

Sputnik Արմենիա