Բադասյան․ Միայն «Նոր Զովք»-ը չէ, որ կարող է սև հաշվապահության խնդիր ունենալ
Այսօր ճեպազրույցի ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձավ վերջերս ՊԵԿ-ի բացահայտած՝ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ի իրական իրացման շրջանառությունը թաքցնելու դեպքին:
«Ես նշել եմ, որ միայն «Նոր Զովք»-ը չէ, որ կարող է սև հաշվապահության խնդիր ունենալ, և առաջարկում եմ ամեն անգամ հիշել, որ դեռ քննությամբ հիմնավորման ենթակա կետեր կան, այսինքն՝ որպես եղելություն չներկայացնենք դա: Առհասարակ սև հաշվապահություն ունեցող այլ ընկերություններ էլ կան, և եթե ուշադիր լինեք, հունվարի 1-ից մենք հրապարակում ենք մեր հսկողության բոլոր արդյունքներն անվանական ու թե ինչ իրավախախտման համար որքան են տուգանվել: Որտեղ որ ծրագրային միջամտության կասկած կլինի, հիմքեր ու փաստեր կլինեն, անպայման կլինեն համապատասխան գործողություններ, ընդ որում՝ բոլոր դեպքերում համարժեք»,- վստահեցրեց Բադասյանը:
Հարցին, թե արդյոք ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը հրավիրվե՞լ է հարցաքննության կորոնավիրուսային չարաշահումների գործի հետ կապված, Ռուստամ Բադասյանը դրական պատասխան տվեց:
«Եթե չեմ սխալվում, հարցաքննություն եղել է: Խնդրում եմ կոնտեքստից չկտրել և որևէ կերպ ներկայացնել, գիտեմ, որ այդ գործով բազմաթիվ պաշտոնյաներ, որ առնչվել են պրոցեսին, հարցաքննվել են, այդ թվում՝ իմ տեղակալը՝ վկայի կարգավիճակով»,- ասաց Բադասյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք եղել են կոռուպցիոն դրսևորումներ ՊԵԿ-ում՝ Բադասյանը դրական պատասխանեց. «Այո՛, շարունակում են լինել կոռուպցիոն ռիսկեր, և մենք կարող ենք ենթադրել որևէ կոռուպցիոն ռիսկերի մասին: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ փաստով հայտնաբերվում է, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կողմից, ընթացք է ստանում, և, բնականաբար, գործող իշխանությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, և այդ դեպքերը պետք է հայտնաբերվեն»:
Լրագրողները, անդրադառնալով Բադասյանի հեռացման և պաշտոնանկության մասին լուրերին, նրանից հարցրին՝ արդյոք վերջինս պատրաստվո՞ւմ է հեռանալ, որին ի պատասխան՝ ՊԵԿ-ի նախագահն արձագանքեց՝ ոչ:
«Ես ոչ մի տեղ չեմ հեռանում, ձեր գործընկերներին հարցրեք, թե որտեղից այդ ինֆորմացիան: Ոչ մի կերպ չեմ կարող մեկնաբանել, էլի եմ կրկնում՝ ես որևէ տեղ չեմ հեռանում»,- ասաց նա:
ArmTimes.com