Ռուսաստանը դեմ չէ «հացահատիկային գործարքի» երկարաձգմանը, բայց ընդամենը 60 օրով

Ռուսաստանը առարկություն չունի «հացահատիկային գործարքի» երկարաձգման դեմ, բայց միայն 60 օրով, հետագա դիրքորոշումը կպարզվի ռուսական գյուղատնտեսական ապրանքների արտահանման նորմալացման իրական առաջընթացից կախված։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Վերշինինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Ռուսական կողմը, նշելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի առաջարկած Ստամբուլի պայմանագրերի «փաթեթային» բնույթը, չի առարկում «սևծովյան նախաձեռնության» հաջորդ երկարաձգման դեմ՝ մարտի 18-ին երկրորդ ժամկետի ավարտից հետո, բայց միայն 60 օրով»,- ասել է Վերշինինը։ «Մեր հետագա դիրքորոշումը կպարզվի՝ մեր գյուղատնտեսական ապրանքների արտահանման նորմալացման իրական՝ ոչ թե խոսքով, այլ գործով առաջընթացից կախված՝ ներառյալ բանկային վճարումները, տրանսպորտային նյութատեխնիկական ապահովումը, ապահովագրությունը, ֆինանսական գործունեության «ապասառեցումը» և ամոնիակի մատակարարումները «Տոլյատի-Օդեսա» խողովակաշարով»,- ասել է փոխնախարարը։

Նրա խոսքով, տեղի ունեցած զրույցը հաստատել է, որ «եթե ուկրաինական արտադրանքի կոմերցիոն արտահանումն իրականացվում է կայուն տեմպերով՝ ոչ քիչ շահույթ բերելով Կիևին, ապա ռուսաստանցի գյուղատնտեսական արտահանողների ճանապարհին դեռևս խոչընդոտներ են մնում»։ «Պարենամթերքի և պարարտանյութերի համար պատժամիջոցների վերացումը, որ հայտարարվել է Վաշինգտոնի, Բրյուսելի և Լոնդոնի կողմից, իրականում չի գործում»,- ասել է Վերշինինը։

Գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին։

News.am