ԵՐԿՈՒ ՀԻՄՔ, ՈՐՈՆՑՈՎ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԵՆ ՃԱՆԱՉՎՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
- Տիկին Ալավերդյան, իշխանամերձ շրջանակները հետևողական առաջ են տանում այն թեզը, թե Արցախը ինքը պետք է բանակցի Բաքվի հետ, Արցախն ինքը պետք է պաշտպանի իր անվտանգությունը։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այս թեզը շրջանառողները։
- Ես պետք է հստակեցնեմ իմ մոտեցումը, որը մնում է անփոփոխ․ 2018 թվականի սեպտեմբերից ես պնդում եմ, որ այս խումբը իշխանության է եկել շատ պարզ նպատակով՝ միանգամից Արցախը նորից բռնակցել Ադրբեջանին։ Այսինքն՝ հստակեցնենք, որ Հայաստանի կողմից հակաօրինական, հակասահմանադրական հրաժարում է սա՝ չշարունակել լինել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Նրանք իրենց հակաիրավական ու հակասահմանադրական հայտարարություններով ու գործողություններով ուղղակի պարտադրում են իր հանրապետության տարածքի 75 տոկոսից և բնակչության 30 տոկոսից զրկված Արցախին, չունենալով ճանաչված կարգավիճակ, գնալ և ենթարկվել բոլոր այն հակաիրավական, հակաօրինական պահանջներին, որոնք անթաքույց ներկայացվում են Ադրբեջանի կողմից։ Բացի դրանից, որ այդ պահանջները հակաիրավական ու հակաօրինական են, նրանք հանդես են գալիս որպես մարդկության դեմ հանցագործություն գործող կողմ։
Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակները, այն է՝ օր առաջ ոչ միայն ամբողջովին հայաթափել Արցախը՝ մարդկանց զրկելով իրենց պատմական տարածքներում արարելու և մշակութային արժեքներ ստեղծելու հնարավորությունից, այլև պատրաստ է յուրացնել այն բոլոր նվաճումները, որոնք ունեցել է արցախահայությունը համայն հայության օգնությամբ։ Այստեղ խնդիրն արդեն այն չէ, որ ինչ-որ մեկը դա չի հասկանում։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ արդյոք Արցախում այսօրվա կառավարող վարչակազմում դեռ կա՞ն կասկածողներ, որոնք պատրաստ են ինչ-ինչ պայմաններով գնալ այսպես կոչված բանակցությունների՝ հասկանալով, որ դրանք ոչ թե բանակցություններ են, այլ Ադրբեջանի կողմից պարտադրանք են իրենց տեսակետից թուլացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։
Պատահական չէ, որ Հայաստանի օրվա իշխանությունները ոչ միայն խոսք անգամ չեն ասում Արցախի կարգավիճակի մասին, նրանք կրկնում են, որ խոսքը գնում է այնտեղ ապրող հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Այսինքն՝ դա նշանակում է, որ Հայաստանի օրվա իշխանությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայազգի բնակչությանը դիտարկում են որպես Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություն։ Եվ ես ունեմ հիմքեր կարծելու, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը և նրա կարծիքն ու կամքն արտահայտող վարչակազմում բավական մեծ թվով մարդիկ չեն գնալու այդ ոչ թե կործանարար, այլ ամբողջ հայությանը հարվածող ճանապարհով։
- Անկախության հռչակագրով Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, բայց այսօր ՀՀ իշխանությունների կողմից այս քաղաքականությունն է վարվում։ Ի՞նչ է նշանակում այդ պարտավորություններից հետ կանգնելը։
- Դուք նկատո՞ւմ եք, թե ինչ են անում դատական իշխանության հետ։ Դա նշանակում է, որ որևէ հույս չենք ունենալու, եթե մենք հիմա դատի տանք իշխանություններին, որ նրանց այս քաղաքականությունը հակասահմանադրական է և հակասում է մի շարք միջգերատեսչական ու միջպետական պայմանագրերին։ Եթե մենք ցանկանանք այդպիսի գործողությունները կանխել դատական ճանապարհով, արդեն չենք ունենալու այդպիսի դատավորներ։ Եվ պատահական չէ, որ բավական հմուտ իրավաբաններն ու իրավապաշտպանները չեն գնում այդ ճանապարհով, որովհետև դա վտանգավոր է։ Եվ այս առումով ես պետք է հստակեցնեմ, քանի որ հարցը գտնվում է ոչ միայն իրավական դաշտում, այլ նաև քաղաքական դաշտում, ամեն ինչ կախված է նրանից, թե ինքնիշխանության կրող գլխավոր սուբյեկտը, այն է՝ ժողովուրդն ինչպես կցուցաբերի իր քաղաքական կամքը։
Մենք տեսնում ենք, որ իշխանությունն իրար հետևից իրականացնում է հակասահմանադրական, հակաիրավական հայտարարություններ ու գործողություններ, ուրեմն մնում է, որ ժողովուրդը դրսևորի քաղաքական կամք։ Խոսքը ոչ թե իշխանության ձգտելու համար քաղաքական պայքարի մասին է, այլ այն, որ քաղաքական կամքը պետք է դրսևորվի՝ ցույց տալու համար, թե ո՞րն է ինքիշխանության կրող սուբյեկտի, այն է՝ ժողովրդի պահանջը։ Մասնավորապես, «ովքե՞ր են համաձայն, որ Արցախը բռնակցվի Ադրբեջանին» հարցմանը մասնակցածների 97,4 տոկոսը դեմ է արտահայտվել։ Հիմա այդպիսի հարցումը պետք է ավելի ամրապնդվի, օրինակ, ստորագրահավաքով։ Պետք է հստակեցնենք, որ նրանք, ովքեր ընտրել են այս իշխանություններին, ընտրել են ոչ թե գեղեցիկ աչքերի կամ ճառերի համար, այլ այն ծրագրի համար, որով նրանք եկել ենք իշխանության։ Դժվար չէ տեսնել, որ իշխանություններն իրենց ծրագրի՝ Արցախին վերաբերող հատվածից շեղվել են, ամբողջովին հակառակ քաղաքականությունն են իրականացնում։ Ընտրողները կամ նրանք, ովքեր չեն մասնակցել ընտրություններին, ոչ միայն կարող են բավական հզոր գործիքներով արտահայտել իրենց կամքը, այլև նրանք պարտավոր են դա անել։
- Իշխանությունները շատ են շեշտում, որ ժողովրդի կողմից մանդատ ունեն՝ խնդիրներն այս ճանապարհով լուծելու համար։
- Պնդումը, թե մենք լեգիտիմ ենք, որովհետև մեզ 2021 թվականին ձայն են տվել, շատ թույլ պնդում է։ Եվ հայտարարությունները, թե՝ դուք մեզ խաբել եք, ևս թույլ արձագանք է։ Պետք է առնվազն կիրառել Սահմանադրության մեջ առկա գործիքակազմը։ Ուղղակի նման տեքստ կարելի է գրել, որ դուք այս ծրագրով եք եկել իշխանության, և, ահա, ձեր գործողությունները, որոնք հակասում են ծրագրին։ Ես միշտ ասում եմ իշխանություններին՝ քանի որ դուք չեք իրականացնում ձեր իսկ նախընտրական ծրագրերում դրված գործողությունները, դուք լեգիտիմ չեք։ Քանի որ դուք խախտում եմ Սահմանադրությունը և Հայաստանի գործող օրենսդրությունը, դուք լեգիտիմ չեք։ Դրանք երկու հիմքեր են, որոնցով ոչ լեգիտիմ են ճանաչվում իշխանությունները։ Եվ հիմա, բացի փորձագետների հնչեցրած գնահատականներից, անպայման պետք է երևա, որ ընտրազանգվածը ևս համարում է, որ իշխանությունները լեգիտիմ չեն, քանի որ ընտրողները խաբված են։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Lragir.am