ՊԼԱՆ ՄԻՆԻՄՈՒՄ: ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` ԿԱՊՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ
Պատմականորեն Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակը տարածաշրջանում հայկական գործոնի ոչնչացումն էր։ Այժմ սայրի վրա է գտնվում Արցախը, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու Տավուշը։ Մարզերի առնչությամբ Բաքուն որակապես նոր օրակարգ ունի ՝ Հայաստանի ամբողջ տարածքում ստեղծել «Արևմտյան Ադրբեջան», որն արդեն հռչակվել է։ Իսկ այսօր Անկարայի և Բաքվի համար կարևոր է փակել Արցախի հարցը։ Դա թույլ կտա հեշտացնել արդեն ողջ հայկական պետականության հետագա վերացումը։ Գրեթե 3-ամսյա շրջափակումը հայաթափման գործիքներից մեկն է միայն։ Ընդ որում, Ադրբեջանը մի շարք նախապայմաններ է առաջ քաշում Բերձորի (Լաչինի) միջանցքի բացման համար։ Իրենց էությամբ դրանք նույն նպատակն են հետապնդում, ինչ շրջափակումը։ Այժմ մենք հստակ կվերլուծենք, թե ինչ է ենթադրում պահանջներից յուրաքանչյուրը:
Պայման 1. Հսկիչ անցակետի տեղադրում
Բերձորի միջանցքի անցակետերը միանգամից մի քանի նպատակ են հետապնդում։ Նախ՝ Ադրբեջանը լիովին վերահսկելու է Հայաստանից Արցախ ժամանող բեռները։ Եթե ապրանքների որևէ անվանում Բաքվի համար անցանկալի կամ «նորմերին անհամապատասխան» թվա, ապա դրանք պարզապես չեն կարողանա անցնել։ Եվ այսպես կարելի է ընդհանրապես փակել կենսական նշանակության ցանկացած բեռների հոսքը: Այս առումով անցակետի տեղադրումը կդառնա ադրբեջանական շրջափակման ամրապնդումը։ Երկրորդ՝ Բաքուն կարող է վերահսկել բոլոր մուտք գործող ու դուրս եկող անձանց։ Եվ այստեղ թաքնված է անվտանգության հիմնական սպառնալիքը։ Նրանք, ովքեր երբևիցե եղել են Արցախում, կարող են նախկինում «սահմանն ապօրինի հատելու» մեղադրանք ստանալ։ Իսկ նրանք, ովքեր ծառայել են Արցախում կամ մասնակցել պատերազմին, կձերբակալվեն մի շարք հոդվածներով՝ ապօրինի զենք կրելու, անօրինական զինված խմբավորումներին մասնակցելու և ահաբեկչության։
Պայման 2. «Ապօրինի» զինված կազմավորումների դուրսբերում
Այս ձևակերպմամբ Ադրբեջանը հասկանում է Արցախի անվտանգության երաշխավոր հանդիսացող պաշտպանության բանակի լիակատար զինաթափումը։ Հաշվի առնելով ռուս խաղաղապահների սահմանափակ կազմը՝ նրանք չեն կարողանա հավասարակշռություն պահպանել ավելի քան 10 հազարանոց խմբավորման գոտում, որը Ադրբեջանը կենտրոնացրել է Արցախի օկուպացված շրջաններում։ Ուստի, տեղի բնակչության կյանքն ու անվտանգությունը վտանգված կլինի։ Բաքվի զուգահեռ պահանջն այս համատեքստում ուժային բոլոր կառույցների, առաջին հերթին՝ ոստիկանության ցրումն է։ Ադրբեջանը կիրառում է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի գործիքները, երբ հայերն իրավունք չունեին զենք կրելու՝ ի տարբերություն թուրքերի։ Այս պարագայում ստեղծվում է մի իրավիճակ, երբ ողջ հայ բնակչությունը անզեն կլինի` շրջապատված զինված ադրբեջանցիներով։ Իրերի նման դասավորության դեպքում տեղի բնակչությունը ստիպված կլինի կա՛մ լքել բնակության վայրը, կա՛մ հեշտությամբ կհնազանդվի Բաքվից եկող ցանկացած նոր պահանջի։
Պայման 3. Հանքավայրերի փակում
Պահանջելով փակել «Կաշենի» և «Դրմբոնի» հանքավայրերը՝ Ադրբեջանը միանգամից երկու նպատակ է հետապնդում։ Նախ՝ նա պատրվակներ է ստեղծում իր կանոնավոր ներկայությունն ապահովելու համար։ Այսինքն՝ բնապահպանական նորմերի պահպանման պահանջները ենթադրում են իրավիճակի կանոնավոր մոնիտորինգ ադրբեջանական մարմինների կողմից։ Երկրորդ՝ հանքավայրերի շահագործումից ստացված շահույթը կազմում է Արցախի պետական բյուջեի մեծ մասը։ Օրինակ՝ մինչև 2020 թվականի պատերազմը հանքը շահագործող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը Արցախի բյուջե է վճարել մոտ 19 մլրդ դրամ։ Բաքուն, պահանջելով փակել հանքավայրերը, ցանկանում է նաև արյունաքամ անել տարածաշրջանի տնտեսությունը ՝ այն դարձնելով ամբողջովին կախյալ և դոտացիոն։ Դրանից հետո Ադրբեջանը առաջարկելու է «փրկության» տարբեր ձևաչափեր, ինչը, ըստ էության, գործիք կդառնա Արցախի նկատմամբ տնտեսական վերահսկողություն հաստատելու համար։ Եվ այդ ժամանակ բնակչությունը կախված կլինի դոտացիաներից և ապրանքների գներից, որոնք տրամադրվելու են Բաքվի կողմից։
Պայման 4. Ռուբեն Վարդանյանի հեռացումը Արցախի քաղաքական կյանքից
Ռուբեն Վարդանյանի կերպարը մեծ մտահոգություն է առաջացրել ինչպես Բաքվում, այնպես էլ արևմուտքում. նրան դիտարկում էին որպես ռուսական ազդեցության գործոն։ Բրյուսելում և Վաշինգտոնում կարծում էին, որ այս գործոնը կոչված է երաշխավորելու ռուսական ներկայությունը տարածաշրջանում։ Բացի այդ, Բաքվում նրա անձի մեջ կարևոր խոչընդոտ էին տեսնում Արցախի լիակատար կլանման համար։ Դա պայմանավորված է նախկին պետնախարարի հանրահայտ դիրքորոշմամբ, ըստ որի՝ Ստեփանակերտն ընտրում է դիմադրության, պետականության պահպանման և միջազգային ճանաչման համար պայքարի ուղին՝ անկախ Ադրբեջանի որևէ ծրագրից։ Այդ պատճառով այս հարցը բարձրացվել է ամենաբարձր մակարդակով Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների ընթացքում։ Եվ ինչպես տեսնում ենք, Ռուբեն Վարդանյանի հեռանալը թույլ կտա փոխել դիսկուրսը Արցախի ղեկավարության ներսում։ Այժմ նախագահ Արայիկ Հարությունյանը և նոր պետնախարար Գուրգեն Ներսիսյանը պատրաստ են քննարկել Ադրբեջանի առաջարկած «ինտեգրման» ձևաչափը։ Իրականում նման ձևակերպումը նշանակում է հայոց պետականության իսպառ ոչնչացում և հայ բնակչության արտագաղթ տարածաշրջանից։ Այս խնդիրը հաջողվել է իրականացնել Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների աջակցությամբ, քանի որ կարելի է ընդհանուր շահագրգռվածություն տեսնել այս հարցում։ Պաշտոնական Երևանը նախկին պետնախարարին տեսնում էր որպես քաղաքական սպառնալիք, ով Արցախում ունեցած հաջողություններից հետո կարող էր իշխանության հավակնել արդեն Հայաստանում։ Հետևաբար, ՀՀ դե-ֆակտո իշխանությունների համար Արցախի հաջող դիմադրությունն արդեն կարող էր իշխանությունը կորցնելու վտանգ ստեղծել։
Սերգեյ Մելքոնյան, պ.գ.թ., արևելագետ