ԱՄՆ-ն դատապարտել է իր անօդաչուն վնասելու ՌԴ-ի գործողությունները

Սև ծովի երկնքում ռուսական երկու Սու-27 ինքնաթիռներ «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ» գործողություններ են կատարել և խոցել ԱՄՆ ԶՈւ-ի MQ-9 անօդաչուն, որը միջազգային օդային տարածքում հետախուզում, դիտարկում և տեղազննում էր կատարում։ Այս մասին հայտարարել է ՌՕՈւ-ի գեներալ, Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈւ-ի հրամանատար Ջեյմս Բ.Հեքերը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Առավոտյան ժամը մոտ 7.03-ին ռուսական Սու-27 ինքնաթիռներից մեկը վնասել է MQ-9 անօդաչուի պրոպելլերը, ինչի հետևանքով ամերիկյան ՌՕՈւ-ի ուժերը ստիպված են եղել խորտակել MQ-9-ն միջազգային ջրերում։

«MQ-9-ն կատարում էր սովորական գործողություններ միջազգային օդային տարածքում, երբ այն վնասել է ռուսական ինքնաթիռը, ինչը հանգեցրել է վթարի, և MQ-9-ն լրիվ շարքից դուրս է եկել»,- ասել է Հեքերը՝ ավելացնելով, որ Սու-27-ները թափել են վառելիքը և թռել MQ-9-ի առջևով՝ «անպատասխանատու, էկոլոգիապես ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ ձևով»։

«ԱՄՆ-ի և դաշնակիցների ինքնաթիռները կշարունակեն գործել միջազգային օդային տարածքում, և մենք կոչ ենք անում (ռուս զինվորականներին) իրենց պրոֆեսիոնալ և պատասխանատու պահեն,- ասել է Հեքերը։- Ռուսական ինքնաթիռների այդ ագրեսիվ գործողությունները վտանգավոր են և կարող են հանգեցնել վրիպումների և չկանխամտածված թեժացման»։

Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նշել է, որ Սև ծովում ռուսական ինքնաթիռների կողմից ոչ ռուսական ինքնաթիռներ վնասելը «հազվադեպ բան չէ»։

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ MQ-9-ն գործում էր միջազգային օդային տարածքում, միջազգային ջրերում, ոչ մեկի համար սպառնալիք չէր ներկայացնում, և սա ոչ անվտանգ ու ոչ պրոֆեսիոնալ գործողություն էր,- ասել է Քիրբին։- Սա նման առաջին դեպքը չէ, իհարկե, վերջին շաբաթների ընթացքում։ Մենք ստույգ տեղեկություններ չունենք ռուս օդաչուի մտադրությունների մասին, բայց գիտենք, որ այդ օդաչուն իր ինքնաթիռով վնասել է MQ-9-ի պրոպելլերը, ինչն է հանգեցրել է նրա շարքից դուրս գալուն»։

«Այսպիսով, այս առումով սա եզակի միջադեպ է»,- ասել է Քիրբին։- Պետդեպարտամենտն ուղիղ կխոսի ռուս գործնըկերոջ հետ և կհայտնի մեր մտահոգությունն այս ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ գործողության առիթով»։

Երեքշաբթի ցերեկը պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը կանչելու է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանին պետդեպարտամենտ անօդաչուի միջադեպի առիթով, որը «միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»։

«Մենք ուղիղ փոխգործակցում ենք ռուսների հետ, և նորից բարձր մակարդակով, որպեսզի փոխանցենք մեր վճռական առարկություններն այդ ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ գործողության դեմ, որը հանգեցրել է ԱՄՆ անօդաչու թռչող սարքի ընկնելուն,- ասել է Փրայսը։- Մենք ռուս դեսպանին կանչել ենք պետդեպարտամենտ, որպեսզի փոխանցենք այս հայտարարությունը։ Այդ ընթացքում Մոսկվայում [ԱՄՆ] դեսպան Թրեյսին արդեն փոխանցել է մեր վճռական հայտարարությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը»։

News.am