Դավիթ Գյուրջինյանը Բրյուսով է գալիս համալսարանը լուծարելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դավիթ Գյուրջինյանը Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել բուհը կազմալուծելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Նատալյա Խաչատրյանը։
«Վերջին հինգ տարիների ընթացքում համալսրանում եղել է մեծ առաջընթաց։ Ցավալի է, որ մի քանի հոգի մեր աշխատակազմից, անձնական խնդիրներից ելնելով, պախարակում են մեր արած ամբողջ աշխատանքը։ Եթե կար երկու թեկնածու, եթե հենց ԿԳՄՍ նախարարն է հայտարարում, որ անցել է Կարինե Հարությունյանը, սակայն հետո պարտված մարդուն նշանակում են ռեկտորի պաշտոնակատար, ուրեմն՝ ապօրինություն է։ Սա ապտակ է մեզ համար, մեր ուսանողների։ Մեզ համար, միևնույն է՝ ով կլինի ռեկտորը, մեզ համար կարևոր է, որ բուհը մնա և շարունակի ճանապարհը, որը սկսել ենք տիկին Հարությունյանի հետ։ Ես պարոն Գյուրջինյանի հետ որևէ խնդիր չունեմ, բայց չեմ պատկերացնում մի մարդու, որին մեկ անգամ մերժել են և ինքնասիրությունը թույլ է տալիս գալ այդ համալսարան, նշանակում է՝ ինքը հանձնարարությամբ է գալիս՝ լուծարել համալսարանը, միացնել բուհերը»,- նշեց Նատալյա Խաչատրյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։
Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։
News.am