«ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ» ՆՍՏԱԾ ԷՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ ԵՎ ՊԲ ԲՈՒՆԿԵՐՈՒՄ

Եվ այսպես, երկուսուկես տարի անց Նիկոլ Փաշինյանը գտավ և հնչեցրեց 44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառը։ Առանց երբեմնի սեթևեթանքի («ես գլխավոր պատասխանատուն եմ, բայց գլխավոր մեղավորը չեմ» կարգի) «գերագույն գլխավոր հրամանատարը» իսպառ բացառեց իրեն հասցեագրված նույնիսկ ակնարկները, հայտարարելով, թե պարտության պատճառը «հինգերորդ շարասյունն» էր բանակում։ Ընդհանրապես կողքից դիտողը, լսելով երեկվա մամլո ասուլիսը, իրավունք կունենար տալ մեն-միակ հարցը. ի՞նչ կապ ունի այս մարդն այն ամենի հետ, ինչ կատարվել և կատարվում է երկրում վերջին մոտ 5 տարիներին։ Եվ ինքն էլ կպատասխաներ. ըստ երևույթին՝ ոչ մի։

ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՊԱՐԶ Է ԴԱՐՁԵԼ, ԾԻԾԱՂԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է։ Պատերազմից արդեն մի քանի ամիս անց փորձագետները կանխատեսում էին, որ պարտության համար նա «քավության նոխազ» կգտնի՝ ի դեմս հայ գեներալակազմի և ընդհանրապես բանակի։ Այդ կանխատեսումները սկսեցին իրականանալ, երբ մեկը մյուսի հետևից մեղադրանքներ ներկայացվեցին հայտնի գեներալներին ու բարձրաստիճան զինվորականներին և հաղորդագրությունների հեղեղ սկսվեց բանակի շարքերում դավաճանության և լրտեսության հերթական բացահայտումների մասին։ Այդ կերպ, ինչպես այսօր արդեն առավել քան ակնհայտ է, հող էր նախապատրաստվում Հայոց բանակը «հինգերորդ շարասյուն» և պարտության գլխավոր պատճառ հայտարարելու համար։

«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վելուծության արդյունքում։ Մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն»,- «ծանրակշիռ» հայտարարեց Փաշինյանը, ասես չնկատելով սեփական հայտարարության ողջ տրագիկոմիզմը։ Եվ «ամրապնդեց» իր գնահատականը նրանով, որ «ավելի քան 50 նախկին զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ», կրկին իսկ «չնկատելով» այն հանգամանքը, որ մեղադրանքները բխում են իրավապահ համակարգից, որը վաղուց զուրկ է անկախության որևէ նշույլից և ծառայում է բացառապես մեկ անձի՝ իրեն։

Դատելով ամենից, Փաշինյանի սրտին սաստիկ դիպել են Սերժ Սարգսյանի խոսքերը, որը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ 2018 թվականից հետո Հայաստանը ոչ մի ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել, իսկ 44-օրյա պատերազմում գործարկվել է բանակի անձնակազմի ընդամենը 50%-ը։ Այդ մեղադրանքները Նիկոլն անվանեց «կատարյալ անլուրջ» և որպես «հակափաստարկ» հայտարարեց. «Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ձեզ ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել»։

Հիշո՞ւմ եք ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո համացանցում տարածված տասնյակ տեսանյութերը, որտեղ մարտերի մասնակիցները. ինչպես կամավորները, այնպես էլ զինվորականները, ի թիվս ամենի, ցնցող պատմություններով վկայում էին զենքի և զինամթերքի սուր պակասի մասին: Իսկ այ Փաշինյանը չի հիշում, կամ ձևացնում է, թե չի հիշում։ Ինչպես որ չի հիշում ականատեսների բազմաթիվ այլ տեսանյութերի ու վկայությունների մասին: Եվ, ըստ երևույթին, հույս ունի, թե ուրիշները նույնպես չեն հիշում: Դրա համար էլ պնդում է, թե 2018-2020 թվականներին ավելի շատ զենք է գնվել, քան նախորդ 10 տարիներին, և «դա ապացուցված է»։ Թե ով ու երբ է ապացուցել, կրկին չի հաղորդվում, քանի որ ռազմական փորձագետների ճնշող մեծամասնությունը տրամագծորեն հակառակ կարծիքի է։

Այնուհետ դե ֆակտո վարչապետն անցավ հայ ժողովրդի համար ծայրաստիճան ցավոտ թեմային՝ Շուշիի հանձնմանը։ «Բարձրաստիճան զինվորականներից մեկը մեղադրվում է «Շուշիի գործով», մյուսը՝ 2021 թվականին Սոթք-Խոզնավար շրջանում Ադրբեջանի ներխուժման հետ կապված, քանի որ չի կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության իր պարտականությունները»,- հայտարարեց նա։

Սա, հիշեցնեմ, ասում է ինքնիշխան պետության ղեկավարը, որի տարածքի մի մասում շուտով արդեն երկու տարի կլինի, ինչ բնակռել է թշնամին, բայց նա բացարձակապես ոչինչ չի ձեռնարկում բռնազավթված տարածքներն ազատագրելու համար։ Նույն այն «ղեկավարը», որը պատերազմից հետո էլ շարունակում էր հանձնել հայկական տարածքները, թեև հայտնի ոչ մի փաստաթղթով դա նախատեսված չէր. հանձնում էր առանց որևէ բացատրության, հետևելով, ինչպես մնում էր կռահել, թշնամու հետ սեփական «բանավոր պայմանավորվածություններին»։ Եվ ահա այս «ղեկավարը» ուրիշներին է անվանում «հինգերորդ շարասյուն»…

Վերադառնանք, սակայն, Շուշիի հանձնմանը։ «Բա դո՞ւք չէիք ասում, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ինչ է արել, ինչ է տեղի ունեցել ռազմի դաշտում, թե Շուշին ոնց է ընկել, ով է տվել Շուշին, ինչու է ընկել Շուշին: Բա ինչի՞ եք բոլորդ, որ սրեր էիք ճոճում, հիմա ուզում եք, որ գործերը առաջ չգնան, փակվեն, ազատվեն մարդիկ։ Ինչի՞ համար։ Որ ասեք՝ դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց։ Իսկ կարող է պարզվի, որ այդ ամեն ինչի խորքային նպատակը և պլանը հենց դա՞ է եղել»,- հայտարարեց տոհմազուրկ արարածը, որը պատերազմից մեկ շաբաթ անց անվանեց հայկական ամենասիրելի քաղաքներից մեկը «դժգույն ու դժբախտ» և հրապարակավ կասկածի տակ առավ Շուշիի հայկական ինքնությունը։

Իսկ հիմա, Նիկոլ, ուշադիր լսիր։ Այո, ես ասում եմ, որ այդ դու ես, դավաճան, հանձնել Շուշին։ Եթե նորից մոռացել ես, ապա հիշեցնեմ, որ քեզ առաջարկում էին պատերազմն ավարտել հոկտեմբերի 19-ին, երբ Շուշին դեռ մերն էր, և թուրքը դեռ չէր պղծել այն։ Այդ մասին հայտարարեց, ոչ ավելի, ոչ պակաս՝ Ռուսաստանի նախագահը, որն ինքն էր համաձայնեցրել ռազմական գործողությունների դադարեցման պայմանները։ Բայց դու չհամաձայնեցիր, որովհետև խոստացել էիր Ալիև յուզգյարիդ նվիրել քեզ համար անպետք Շուշին, ընդ որում՝ նրա նշած օրը, նոյեմբերի 8-ին։ Եվ թուրքերի հետ համատեղ հակահայկական ծրագիրդ ավարտին հասցնելու համար հրաժարվեցիր ավարտել պատերազմն ու երկարաձգեցիր այն ևս 20 օրով՝ կրկնապատկելով դրա տևողությունը, այդպիսով զոհաբերելով կրկնակի ավելի մեծ թվով հայ զինվորների և հանձնելով ավելի շատ հայկական տարածքներ։

Ավելին, դեռևս հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի 4-րդ օրը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, որին նույնպես ակնհայտորեն ընդգրկում ես «հինգերորդ շարասյան» կազմում, նախազգուշացրել էր, որ խնդիրները պետք է տեղափոխել ռազմականից դիվանագիտական ասպարեզ։ Բայց փորձառու զինվորականի այս նախազգուշացումն անտեսվեց, չէ՞ որ դու պարտավորություն ունեիր թուրքերի առաջ. հանձնել Արցախը։ Եվ զոհաբերել այնքան հայկական կյանքեր, որ երկիրն ու ժողովուրդը դեռ շատ երկար չկարողանան ուշքի գալ անտանելի ցավից ու ահավոր ցնցումից։

Սեպտեմբերից բանտում է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, որին էլ ակնհայտորեն նկատի ունեիր ասուլիսիդ ժամանակ։ Նրա, ինչպեսև իր նախորդի՝ Ջալալ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցված։ Այդ գեներալներին, որոնք, ի տարբերություն քեզ՝ դասալիքիդ, փառավոր մարտական ուղի են անցել, ինչպեսև շատ ուրիշների, ինչպիսիք են հայր և որդի Խաչատուրովները, դու այսօր համարձակվում ես անվանել «հինգերորդ շարասյուն», մոռանալով, որ հենց դու, Նիկոլ, պատերազմի օրերին հռչակեցիր քեզ գերագույն գլխավոր հրամանատար, իսկ հայերի աղետալի պարտության թուրքական ծրագրերի գործնական իրականացումը հանձն առավ, ի թիվս այլոց, նաև քո հեղափոխական կողակցուհին։

Կամ գուցե կարծում ես, թե բոլորը մոռացե՞լ են բունկերի պատմությունը, որտեղ ինչ-որ նպատակով հայտնվել էր բանակի հետ ոչ մի առնչություն չունեցող և այնտեղ գտնվելու չնչին իսկ իրավունքից զուրկ Հակոբյանը։ Իսկ արցախյան փառապանծ գեներալները, որոնք այդ ընթացքում արդեն վաղօրոք զրկվել էին պաշտոններից և լիազորություններից, տառապում էին դռների հետևում, գերազանց գիտակցելով, թե ինչ է կատարվում, բայց չկարողանալով փոխել դավաճանական պատերազմի ընթացքը, որովհետև դու քո թանկագին կնոջ ցուցումով հրամայել էիր թույլ չտալ նրանց մտնել շտաբ։ Այդ մարտական գեներալներին նույնպես, որոնցից նախորդ պատերազմներում թուրքերը վախենում էին, ինչպես չարքերը Խաչից, դու անվանում ես «հինգերորդ շարասյուն», որովհետև քեզ համար այդպիսին է ողջ Հայկական բանակը, որն աներևակայելի սխրանքներ է գործել և ապացուցել անսահման հավատարմությունը Հայրենիքին ու պետությանը նույնիսկ այն պայմաններում, երբ իրեն՝ բանակին, ստորաբար հանձնում էին Հայրենիքի հետ միասին։

Եվ շարունակում են հանձնել այսօր՝ փլուզելով ու վարկաբեկելով, ծանակելով ու մեղադրելով, պիտակներ կպցնելով և սպանդի տալով. այն բանակին, որը 44-օրյա պատերազմից ընդամենը չորսուկես տարի առաջ՝ 2016-ի ապրիլին, պատվով դուրս եկավ ծանրագույն փորձությունից, պահելով հայկական հողերը, պաշտպանելով ազգի արժանապատվությունը, ցուցաբերելով արիության ու հերոսության հրաշքներ և փառքով պսակելով իրեն: Իսկ «հինգերորդ շարասյուն», այսինքն՝ դավաճաններ, այսօր անվանում են նրանց, ովքեր համբերատար ու անխոնջ կառուցել, հզորացրել ու ղեկավարել են այդ բանակը, շատերը՝ Արցախյան առաջին ազատամարտից, շատ շատերը՝ Ապրիլյան պատերազմից ի վեր։

Հայաստանում իսկապես կա «հինգերորդ շարասյուն». ներքին թշնամիներ, որոնք աշխատում են ի նպաստ օտարերկրյա պետությունների և նրանց շահերի։ Եվ դրա ղեկավարը հենց նա է, ով իշխանավարման մեջ տեսնում է միայն սեփական անսահման իրավունքները, բայց բնավ ոչ պարտականությունները։ Ով պետության ղեկը ճանկեց հայկական հողերը թուրքերին հանձնելու և հայկական պետությունը փլուզելու համար։ Նա, ում համար իշխանությունն ու փողը բացարձակապես ամեն ինչ են, և ով անտարբեր է իր անձնական բարեկեցության ու կյանքի վայելքի դիմաց ուրիշների վճարած գնի հանդեպ։ Նա, ով հինգ տարվա բացարձակ իշխանությունից հետո սեփական ձախողումների և պետության կործանման մեջ շարունակում է մեղադրել ում ասես, միայն ոչ իրեն։