Բայրամովը «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը «կապել» է Միջին միջանցքի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում, Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, բացահայտ «Զանգեզուրի միջանցքը» կապել է Միջին միջանցքի հետ։

«Տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները բարձրացրել են համագործակցության կարևորությունը տրանսպորտի և հաղորդակցությունների ոլորտում»,- ասել է Բայրամովը, տեղեկացրել է APA-ն։

Նշելով, որ «տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները բարձրացնում են համագործակցության կարևորությունը տրանսպորտի և հաղորդակցությունների ոլորտում, նախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն տեղեկացրել է այն աշխատանքի մասին, որն իրականացվում է այդ ուղղությամբ՝ օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքներում նոր տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման նպատակով, այդ թվում Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ աշխատանքն սկսելու առումով։ Այս առնչությամբ վստահություն է հայտնվել, որ Ադրբեջանի այս ջանքերը պայմաններ կստեղծեն Միջին միջանցքի տարանցման պոտենցիալն օգտագործելու համար, կարևոր ավանդ կներդնեն տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում»։

Հիշեցնենք, որ Միջին միջանցքը երթուղի է, որը նպատակ ունի միացնել Եվրոպան և Ասիան։ Իսկ իրականում «մեծ թուրանի» գաղափարն իրականացնելու սկիզբն է։ Ենթադրվում էր, որ այն անցնելու է Վրաստանի հարավով, շրջանցելով Հայաստանը, նկատի ունենալով այն, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են Հայաստանի սահմանների շրջափակումը։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո, որը սանձազերծեցին Ադրբեջանը և Թուրքիան, Բաքուն և Անկարան ավելի համառորեն են սկսել պահանջել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այլ կերպ ասած՝ պահանջում են Հայաստանի տարածքի մի մասը՝ որպես «միջանցք։ Երկու միջանցքները կապելով՝ ադրբեջանցի նախարարն, ըստ էության, բացել է խաղաթղթերը՝ հասկացնելով, որ 2020թ. ագրեսիվ պատերազմը սանձազերծվել է Թուրքիայի մատուցմամբ և հեռուն գնացող նպատակներով։

News.am