«Հետք»․ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ 600 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԲԵՆԶԻՆ Է ԳՆԵԼ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

2022 թվականի դեկտեմբերի 23-ին ոստիկանությունը 2,1 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ, գրում է «Հետքը»:

Այդ գումարի դիմաց ընկերությունը պետք է 5 մլն 968 հազար լիտրի բենզինի կտրոն մատակարարեր ոստիկանությանը, սակայն 2023 թվականի մարտի 9-ին «Մեգա Թրեյդի» և ոստիկանության միջև կնքված նոր համաձայնագրով մատակարարվող բենզինի և դրա մեկ լիտրի արժեքը նվազեցվել է։

Արդյունքում պայմանագրի արժեքը կազմել է 593 միլիոն դրամ, որի դիմաց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ոստիկանությանը պետք է մատակարարի 224 865 լիտրի «պրեմիում» տեսակի և 1,5 միլիոն լիտրի «ռեգուլյար» տեսակի բենզինի կտրոն։

Երբ ընկերության և ոստիկանության միջև կնքվել է գնման պայմանագիրը, «պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը կազմել է 400 դրամ, իսկ «ռեգուլյարինը»՝ 370 դրամ, սակայն մարտ ամսին կնքված համաձայնագրով նոր գները սահմանվել են համապատասխանաբար 370 և 340 դրամ։ Փոփոխությունը պայմանավորված է նախորդ տարեվերջի համեմատ վառելիքի գների նվազմամբ։

Սա առաջին դեպքը չէ, որ պետական գերատեսչությունները խոշոր գումարի պայմանագիր են կնքում իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերության հետ։

2022-ի տարեվերջին էլ Երևանի քաղաքապետարանն է 185 միլիոն դրամի վառելիք գնել «Մեգա Թրեյդից»։ 2021 թվականի հոկտեմբերին էլ Պաշտպանության նախարարությունը 5,5 միլիարդի վառելիք էր գնել նույն ընկերությունից, այդ մասին «Հետքը» նախկինում գրել է։

- ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020թ փետրվարի 7-ին։ Այն հիմադրել են Տիգրան Բադալյանն ու Արմեն Մարգարյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասերով։ Տիգրան Բադալյանը ավելի վաղ՝ 2019թ հուլիսի 30-ին հիմնել է «Սիլ կապիտալ» ՍՊԸ-ն, սակայն մեկ ամիս անց իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր` էդուարդ Սուքիասյանի որդուն՝ կրտսեր Խաչատուր Սուքիասյանին։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մեգա Թրեյդի» սեփականատերերն այժմ Արամայիս Գրիգորյանը (45%), Գարեգին Մկրտչյանը (20%), Հակոբ Ալեքսանյանն (15%) ու Արաշ Նոսրիաթիալամդարին (15%) են։

Հակոբ Ալեքսանյանը 20% բաժնեմաս ունի նաև Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված մեկ այլ ընկերությունում՝ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում։ Իսկ Գարեգին Մկրտչյանը 2022 թվականին Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագուկ Ծառուկյանից ձեռք է բերել «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնեմասը։

Վառելիքի շուկայում «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ներկայացնում է «Ռան Օիլ» ապրանքանիշը, որի ձեռքբերման մասին «Սիլ կոնցեռնը» հայտնել էր 2021 թվականի փետրվարին։ Ինչպես մեզ ավելի վաղ տեղեկացրել էին «Ռան Օիլից», «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն նույնպես մտնում է Սուքիասյան ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» մեջ։

News.am