ԱԷՄԳ-ը հայտարարել է Լիբիայի օբյեկտից մոտ 2,5 տոննա բնական ուրանի անհետացման մասին
Լիբիայի օբյեկտներից մեկում պահվող մոտ 2,5 տոննա բնական ուրան է անհետացել, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ մտահոգություն հայտնելով նյութի անվտանգության և տարածման վերաբերյալ, հայտնում է Associated Press-ը։
Սակայն Տրիպոլիում լիբիական կառավարության դեմ պայքարող գեներալ Խալիֆա Հաֆթարի դաշնակից ուժերը հինգշաբթի երեկոյան հայտարարել են, որ գտել են այդ նյութը։ ՄԱԿ-ի տեսուչները հայտարարել են, որ փորձում են հաստատել դա։
Բնական ուրանը չի կարելի անմիջապես օգտագործել էներգիա կամ ռումբերի վառելիք արտադրելու համար, քանի որ հարստացման գործընթացը սովորաբար պահանջում է մետաղը վերածել գազի, այնուհետև ցենտրիֆուգներում հասցնել պահանջվող մակարդակին:
Սակայն բնական ուրանի յուրաքանչյուր տոննան կարող է ժամանակի ընթացքում վերամշակվել մինչև զենքի համար նախատեսված 5,6 կիլոգրամ նյութի, ասում են փորձագետները: Սա անհետացած մետաղի հայտնաբերումը կարևոր է դարձնում չտարածման հարցերով զբաղվող փորձագետների համար:
ԱԷՄԳ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին չորեքշաբթի է հայտնել անհետացած ուրանի մասին։
«Երեքշաբթի օրը գործակալության անվտանգության տեսուչները հայտնաբերել են, որ ուրանի հանքաքարի խտանյութի տեսքով մոտավորապես 2,5 տոննա բնական ուրանով 10 տակառներ բացակայում են Լիբիա պետությունում, ինչպես տեղեկացվել է նախկինում,- ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ,- Գործակալությունը հետագա քայլեր կձեռնարկի միջուկային նյութը տանելու հանգամանքները և դրա ներկայիս գտնվելու վայրը պարզելու համար»։
ԱԷՄԳ-ը նաև հայտնել է, որ կառավարության կողմից չվերահսկվող այդ վայրը հասնելու համար «դժվար լոգիստիկա» է պահանջվում։
News.am