ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՕԴԻՆ ԱՍՏԾՈՒՆ ՊԱՏԿԵՐՈՂ ԱՄԵՆԱՎԱՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Դանիայում վերջերս հայտնաբերված ոսկյա կախազարդի վրա գտնվել է հայտնի գրություններից ամենահինը՝ նորվեգական աստված Օդինի պատկերով, գրում է Live Science-ը։
Հնագետները ենթադրում են, որ բարակ, դրոշմավորված ոսկուց պատրաստված կախազարդը թվագրվում է մ.թ. հինգերորդ դարով, ինչը նրան 150 տարով ավելի հին է դարձնում նախորդ ամենահին հայտնի արտեֆակտից, որտեղ հիշատակվում են սկանդինավյան դիցաբանության հերոսները:
«Սա առաջին դեպքն է աշխարհի պատմության մեջ, երբ հիշատակվում է Օդինի անունը,- Live Science-ին ասել է Դանիայի ազգային թանգարանի ռունոլոգ և գրի փորձագետ Լիսբեթ Իմերը,- Սա նշանակում է, որ սկանդինավյան դիցաբանությունն այժմ կարելի է թվագրել դեռևս հինգերորդ դարի սկզբով: Ռունագրերով արված մակագրությունն ասում է․ «Նա Օդինի մարդն է»։ Հիշատակվում է նաև վաղ սկանդինավյան լեզվով «Յագա» կամ «Ջագազ» անվանումը։ Համարվում է, որ այն վերաբերում է իր տիրոջը՝ երկաթի դարաշրջանի առաջնորդին կամ թագավորին, որը կարող էր աստծուն համարել իր նախահայրը»։
Իմերն ու նրա գործընկերը՝ լեզվաբան Քրիստեր Վասհուսը, ավելի քան մեկ տարի են ծախսել՝ վերծանելով կախազարդի ռունագիր մակագրությունը, որը 2021 թվականին Դանիայի Յուտլանդիայում հայտնաբերված ոսկու ապշեցուցիչ պահեստի մի մասն է եղել: Գանձը պարունակել է մոտ 1 կգ ոսկի և այժմ հայտնի է որպես «Վինդելի գանձ»՝ մոտակա քաղաքի պատվին:
Նորվեգական դիցաբանության մեջ Օդինը աստվածների, մահվան, իմաստության, մոգության և ռունաների արքան է եղել, ինչպես նաև աստվածների և մահկանացուների «Ամենահայրը»: Չնայած սկանդինավյան պանթեոնում տասնյակ աստվածություններին՝ Օդինը սկանդինավյան կրոնում պաշտվող երեք գլխավոր աստվածներից մեկն է եղել՝ Թորի և Ֆրեյի հետ միասին։
Օդինին հաճախ պատկերում են մեկ աչքով, քանի որ, ըստ լեգենդի, նա հանել է իր մյուս աչքը՝ չտեսնված գիտելիքներ ձեռք բերելու համար։
Արձանագրության հայտնաբերումն արդեն ազդել է ոսկյա այլ կախազարդերի գրությունների մեկնաբանության վրա։ Ավելի քան 1000 կախազարդ է հայտնաբերվել Հյուսիսային Եվրոպայում, և դրանցից ավելի քան 200-ն ունեն արձանագրություններ: