Արցախի պատգամավոր․ ԱՐՑԱԽԸ ՉԻ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ, ԲԱՔՈՒՆ ԾՈՒՂԱԿ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ

Մենք չենք խուսափում ուղիղ երկխոսությունից, բայց մենք պարտադիր պայման ենք դնում, որ դա պետք է լինի միջազգային ընդունելի մեխանիզմներով, և միջազգայնորեն ճանաչված հարթակի ձևաչափում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, թե Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումներն այլընտրանք չունեն։

«Սա չի նշանակում, որ մենք խուսափում ենք ուղիղ երկխոսությունից, այլ Բաքուն հենց այդ ծուղակն է մեզ համար պատրաստել, որ իրենք փորձում են առանց միջնորդների կամ առանց միջազգային մեխանիզմների շփումը ցույց տալ իբր միջազգայնորեն ճանաչված ձևաչափով շփում, բնականաբար, զուգահեռ մենք տեսնում ենք, թե ինչ պայմաններ է ստեղծում Բաքուն, որում կողմերից մեկը չի կարող լիիրավ բանակցել, որովհետև պարբերաբար ճնշումների ու ահաբեկման է ենթարկվում։ Դրա համար մենք երկու պայման առաջ քաշեցինք. նախ պետք է ապօրինի քայլերը, որոնք Ադրբեջանը արհեստական ստեղծել է Արցախի համար՝ վերացվեն, որովհետև բանակցային գործընթացում նրանք դա պետք է ոչ թե որպես զիջում ներկայացնեն, այլ սա այն պարտավորությունն է, որը Բաքուն 2020 թվականի նոյեմբերի 9–ի ու Հաագայի դատարանով ստանձնել է ու չի կատարում։ Իսկ դրանից հետո բանակցությունները կարող են լինել միայն այդ ձևաչափում, որովհետև նախ սա միջազգային հանրության կողմից ընդունելի ձևաչափ է, և երկրորդ՝ սա մեզ երաշխավորություններ է տալիս, որ ապագայում ձեռքբերված պարտավորությունները նաև կկատարվեն, որովհետև մենք տեսել ենք, որ ուղիղ շփումների ժամանակ նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությամբ Բաքուն մի բան է ասում, բայց դուրս գալիս՝ այլ բան անում։

Եվ եթե նման հարթակ լինի, ապա բանակցությունները, խոսակցությունները արդեն արդյունք կտան, հակառակ պարագայում ավելի շատ սա Բաքուն ծառայեցնելու է, որ աշխարհին ցույց տա, թե ինքը կառուցողական դիրք ունի, և այն պահանջը, որն այսօր իր առաջ դնում է միջազգային հանրությունը, այսինքն՝ ուղիղ երկխոսությունը, ինքը կատարում է։ Իրականում սա Ադրբեջանի կողմից իմիտացիա է և դրա մասին փաստում է օրինակ, մարտի 5–ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով 3 ոստիկան զոհվեց։ Սա ապացուցում է, որ նրանք ոչ մի ձև չեն պատրաստվում ինտեգրմանը, ինչի մասին իրենք ավելի վաղ էին հայտարարել են, այլ ուղղակի պատկերացնում են այս տարածքն առանց ժողովրդի»,– նշեց Արամ Հարությունյանը։

Արցախի պատգամավորը կարծում է, որ միջազգայնորեն երաշխավորված մեխանիզմներով ֆորմատ կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը նրա խոսքով՝ եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հաջողված հարթակ։

«Մինչև այսօր էլ այդ ֆորմատը գոյություն ունի, այն միջազգայնորեն ճանաչված միակ ընդունված ֆորմատն էր, ցավոք, ռուս–ուկրաինական պատերազմից հետո որոշակի խնդիրներ առաջացան։ Ես հստակ ինֆորմացիա չունեմ այսօր ինչ–որ ֆորմատ կա, որի վերաբերյալ դրական վերաբերմունք ունի միջազգային հանրությունը, բայց ենթադրում եմ, որ նման քննարկում եղել է, որովհետև վարչապետի ասուլիսից պարզ դարձավ, որ Մյունխենում Ալիևը միջազգային գործընկերների ներկայությամբ խոստացել է, որ նման ֆորմատ կստեղծվի ու երկխոսությունը կստեղծվի հենց նման մեխանիզմի շրջանակներում, բայց ասուլիսից անմիջապես հետո Ադրբեջանի վերնախավը միանգամից փորձեց հակադարձել դրան ու տարբեր վերլուծաբանների ու պաշտոնյաների միջոցով նրանք ասում են, որ Ադրբեջանի համար անընդունելի է Արցախի հարցի միջազգայնացումը, և նրանց ներքին հարցն է, որը պետք է այդ շրջանակում  լուծվի, ինչն էլ արդեն մեզ համար է անընդունելի։ Եթե նման միջազգայնորեն երաշխավորված մեխանիզմներ ստեղծվեն, բնականաբար մենք դրանից հետո կունենանք մեր օրակարգը, Բաքուն՝ իրը, հնարավոր է, որ այդ օրակարգերի մեջ մեզ համար անընդունելի դրույթներ լինեն, և հակառակը։ Մեխանիզմներ ստեղծելուց հետո տեսականորեն կարելի է քննարկումներ սկսել»,– ասաց Արամ Հարությունյանը։

Հարցին՝ այդ մեխանիզմները ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում է պատկերացնում, թե կարող է այլ ֆորմատով էլ լինել, Արամ Հարությունյանն արձագանքեց.

«Կարող է այլ ֆորմատի տեսք էլ ունենալ, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն ստեղծված ու ժամանակին բավականին հաջողված հարթակ էր։ Մենք շեշտել ենք, որ տեխնիկական հարցերի շրջանակներում պատրաստ ենք խոսակցությունների, բայց էլի նույն ձևաչափով ռուս խաղաղապահների ներկայությամբ և նույն վայրում, ուղղակի մենք տարբերում ենք այս երկու խոսակցությունները։ Այսինքն՝ եթե խոսում ենք բանակցություններից ու քաղաքական հարցերի քննարկումներից, այդ ժամանակ մենք առաջարկում ենք նման ֆորմատներ ստեղծել, իսկ տեխնիկական շփումների համար մենք այնպես չէ, որ կտրուկ ասում ենք, որ չենք շփվում ու չենք քննարկում ենթակառուցվածքների ու այլ հարցերի շուրջ»։

Հիշեցնենք՝ մարտի 13–ին, Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները հայտարարություն էին տարածել, որում մեջբերելով գազի, հոսանքի խաթարումները, բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, ընդգծել էին, որ այդ պայմաններում անընդունելի են Բաքվի հետ ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:

Այդ հայտարարության մեջ խորհրդարանականները նաև Հայաստանի իշխանություններից պահանջում էին հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Թե ի՞նչ հիմքեր են եղել նման պահանջներ ներկայացնել Հայաստանի իշխանություններին, Արամ Հարությունյանն ասաց.

«Առաջին անգամը չէ, որ մենք նմանբովանդակ հայտարարություն ենք հնչեցրել։ Սա նաև կապված է նրա հետ, որ երբեմն տարբեր պաշտոնյաներ կարծիքներ են հայտնում, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչներ, որոնք համահունչ չեն այն ճանապարհին, որը մենք ընտրել ենք, և սա ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչ դիրքորոշում մենք ունենք, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետը բազմաթիվ անգամ արտահայտվել է, որ Հայաստանի իշխանությունները կսատարեն այն որոշումը, որը կընտրի Արցախի ժողովուրդը և մենք պարբերաբար շեշտում ենք, որ այս որոշումը անփոփոխ է։ Մենք անշեղ ենք 1988–ին սկսված շարժման գաղափարից ու 1992 թվականի Գերագույն խորհրդի որոշումից։

Բացի այդ՝ Բաքուն փորձում է օրակարգային հարց ստեղծել Արցախի «ինտեգրման» շուրջ, դրա համար կարծում եմ, որ այդ հայտարարությունը պետք է նաև այդ ուղղությամբ դիտարկել, այսինքն՝ հայտարարության մեսիջը նաև այն է, որ Արցախի ինտեգրում չի կարող լինել»։

News.am