Միրզոյանն ու Լավրովը կքննարկեն ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը

Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Բոլորս գիտենք, որ Ռուսաստանը զգայուն մոտեցում ունի ԵՄ առաքելության հետ կապված, մենք քննարկում ենք այդ հարցը մեր գործընկերների հետ։ Դուք գիտեք, որ շուտով նախատեսվում է ԱԳ նախարարի այցը Մոսկվա, և այդ հարցը, անշուշտ, կքննարկվի»,- ասել է նա խորհրդարանում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտնեց, որ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի Միրզոյանի հետ։ Բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային խնդիրները՝ ներառյալ Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը:

Փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։

Sputnik Արմենիա