Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Նա ասաց, որ դատարանի որոշմանն իրենք ծանոթացել են. «Առնազն ապօրինի և անհիմն որոշում է: Պատրաստվում ենք Վռճաբեկ բողոք ներկայացնել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 16-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր:

Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին: Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել և անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար, դրանցից մեկը գրավադրել է բանկում և գումար ստացել։