Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պաշտոնից հեռանալու մասին Սարգսյանն անձամբ է հայտնել ավագանու արտահերթ նիստի ուղիղ եթերում։

Մամուլը գրում է, որ մինչև նոր ընտրություններ քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։

Նշենք, որ արդեն մի քանի օր է` լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում Հրաչյա Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ։

Հավելենք, որ տևական ժամանակ է` լրատվամիջոցները գրում էին, թե Հրաչյա Սարգսյանը, այսպես ասած, երկրորդ պլան է մղվել, բոլոր լուսանկարներում Տիգրան Ավինյանն է երևում, միջոցառումներին ավելի հաճախ հենց նա է մասնակցում։ ԶԼՄ–ների աչքից չէր վրիպել նաև մարտի 2-ի կառավարության նիստին քաղաքապետի փոխարեն մասնակցում էր փոխքաղաքապետ Ավինյանը։ Մեկնաբանելով դա` Ավինյանը նշել էր, թե Երևանի քաղաքապետարանում քաղաքական թիմ է գործում և, խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով, տարբեր տեղեր տարբեր մարդիկ են գնում։ Նա հավելել էր, թե Երևանի քաղաքապետը կառավարությունում չի աշխատել և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններում քաղաքապետի իշխանական թեկնածուն է։

Sputnik Արմենիա