Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են հայ գերիների հետ
Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր Սաբինա Ալիևայի ներկայացուցիչները ժամանակ են գտել հանդիպելու Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ազգային կանխարգելիչ խմբի անդամներն առանց նախնական ծանուցման այցելել են քրեակատարողական ծառայության Բաքվի քննչական մեկուսարան։ Այցի շրջանակներում նրանք հանդիպել են նաև մի քանի գերիների հետ։ Թե կոնկրետ ում հետ՝ անունները չեն հաղորդվում։
«Այս անձանց տրամադրվել են նաև իրենց լեզվով օրենսդրական ակտեր՝ իրենց իրավունքների համար դիմելու մեխանիզմների վերաբերյալ։ Այցի շրջանակներում, որին մասնակցել է նաև որակավորված բժիշկ, տեղում ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները՝ խցերի վիճակը, չափերը, լուսավորությունը, օդափոխությունը, անձնական հիգիենայի և սանիտարական պայմանները, բժշկական ծառայությունները, սնունդը։
Հերթական հանդիպումների ժամանակ նշվել է, որ նշված անձանց նկատմամբ պահպանվում են օրենսդրության պահանջները, ապահովվում են նրանց իրավունքները, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, արդյունավետ կազմակերպվում է ժամանցը։ Ընդունված անձինք միաժամանակ հայտնել են, որ բողոքներ չունեն պայմանների, վերաբերմունքի առնչությամբ, նրանց հասանելի են հեռախոսային կապը, նամակագրությունը, տեղեկատվությունը (հեռուստատեսություն, հրապարակումներ), բժշկական ծառայությունները։
Նշվում է, որ ձերբակալվածներին հասանելի են գրքերը և տեղեկատվական նյութերը (իրենց լեզվով), ինչպես նաև նրանց հնարավորություն է տրվում անարգել հանդիպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ», - մեջբերում է լրատվամիջոցը:
Նշենք, որ այցը կազմակերպվել էր այն բանից հետո, երբ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հիշեցրել էր Ադրբեջանի օմբուդսմենին մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իր անմիջական պարտականությունների մասին։
News.am