ՀԱՄԱՁԱ՞ՅՆ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՆԱԼ ՈՐՊԵՍ «ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ»

Փաշինյանի սկանդալային հայտարարությունից անմիջապես հետո, թե պարտության պատճառը «հինգերորդ շարասյունն» էր բանակում, նրա թիմակիցները շտապեցին ապահովել այդ մեղադրանքի փաստացի բովանդակությունն ու հաստատումը։ Բառացիորեն հաջորդ օրը ձերբակալվեց գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որը, ինչպես գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը, «կապիտուլյանտական դարաշրջանում հող չկորցրած, և ընդհակառակը, հող ազատագրած միակ գեներալն է»։ Իսկ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող, այսպես կոչված՝ ԱԺ հանձնաժողով են հրավիրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին և մի շարք այլ նախկին բարձրաստիճան զինվորականների ու պաշտոնյաների։

Նախորդ նյութում մենք գրել ենք, որ Փաշինյանի նպատակը ոչ միայն 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած աղետի և դրան հաջորդած բոլոր գործընթացների պատասխանատվությունն իր վրայից արդեն ամբողջությամբ գցելն է, այլև հայկական բանակի և հայկական գեներալակազմի վարկաբեկումը։ Առաջին հերթին՝ զորահրամանատարների մի ամբողջ համաստեղության, որոնց շնորհիվ Հայաստանի և Արցախի Զինված ուժերը ինստիտուցիոնալ կայացել են, պատվով հաղթահարել բազմաթիվ փորձություններ և դարձել անվտանգության ու ռազմաքաղաքական հավասարակշռության ծանրակշիռ գործոն ողջ տարածաշրջանում։

Երկրում իշխանության զավթման առաջին իսկ օրվանից Փաշինյանը ձեռնամուխ եղավ հետևողական գործողությունների, որպեսզի իրագործի հայկական պետության համար ծայրահեղ վտանգավոր այդ նպատակը։ Բանակում «հինգերորդ շարասյան» առկայության մասին հայտարարությունը և թափանցիկ ակնարկները, թե ում նկատի ունի, դարձան շարունակվող հակահայկական գործընթացի բավական էական փուլ։

Այս համատեքստում արժե հիշել այն իրավիճակը, որ տիրում էր Հայաստանում 44-օրյա պատերազմից անմիջապես հետո. գործող իշխանության բացարձակ մերժում, Փաշինյանի կառավարության հրաժարականի համատարած պահանջներ, պատերազմի մասնակիցների բազմաթիվ վկայություններ, որոնք ծնեցին իշխանությանը հասցեագրված ահռելի քանակությամբ հարցեր, թե ինչու հայ ժողովրդին պատուհասեց նման հրեշավոր ողբերգությունը և ով է մարդկային ու տարածքային հսկայական կորուստների իրական մեղավորը։

Հասարակությունը կարծես թե միասնական էր երկիրն ու ժողովրդին այդչափ սարսափելի և աղետալի վիճակի հասցնողներին հեռացնելու և դատելու հարցում։ Իսկ 2021 թվականի փետրվարի 25-ին հայտնվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը՝ ստորագրված 40 բարձրաստիճան զինվորականների կողմից։ Այսօր, այդ ուշագրավ փաստաթղթի հրապարակումից 2 տարի անց, արժե դրա բովանդակության չմարող արդիականության և կատարվող ամենի հաշվառումով մեջբերել առավել ցուցանշական հատվածները։

«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս-ուսի մարտնչել թշնամու դեմ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, որի զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։

Այսօր արդեն դժվար է հավատալ, բայց գեներալակազմն իսկապես ընդամենը 2 տարի առաջ հանդես եկավ իրավիճակի նման գնահատականներով, հստակ արտահայտելով իր դիրքորոշումը ինչպես երկրի ճակատագրի վերաբերյալ, այնպես էլ վճռականորեն արձագանքելով բանակի վարկաբեկման փորձերին։ Ի դեպ, հայտարարությունը ստորագրողների թվում էր նաև մարտի 14-ին՝ Փաշինյանի ասուլիսի օրը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից հեռացված Տիգրան Փարվանյանը։ Ինչպես նաև Գլխավոր շտաբի ներկայիս պետ Էդվարդ Ասրյանը, որը Նիկոլի քննադատից ինչ-որ շատ սահուն կերպով փոխարկվեց նրա առջև սողացող կեղծ զինվորականի։

Այդ օրը՝ փետրվարի 25-ին, շատերին թվաց, թե դավաճանների իշխանության վերջը եկել է, քանզի բանակը միանշանակ արտահայտեց իր դիրքորոշումը. լինել ժողովրդի կողքին։ Թե ինչ կատարվեց հետո, դժվար է բացատրել, բայց փաստը մնում է փաստ, որ փորձառու պրոֆեսիոնալ զինվորականները, որոնցից շատերն անցել են առնվազն մեկ կամ երկու պատերազմի միջով, հանկարծ լռեցին։ Մի շարք փորձագետներ դա կապում էին Մոսկվայից աջակցության բացակայության հետ։ Բայց կա նաև այլ բացատրություն, որը շատ ավելի բնորոշ է համընդհանուր մանիպուլյացիաների, սքողված գործարքների, կեղտոտ շանտաժի և կոմպրոմատների պատերազմի, ինտրիգների ու վախի այն մթնոլորտին, որ ջանադրաբար արմատավորում էր կապիտուլյանտների իշխանությունը, և որն այսօր գործնականում միահեծան իշխում է Հայաստանում։

Հիշեցնենք մամուլի ասուլիսում Փաշինյանի հնչեցրած ևս մեկ արտահայտություն։ «Անլուրջ» անվանելով պատերազմի ժամանակ զենքի պակասի վերաբերյալ մեղադրանքները, նա որպես հակափաստարկ հայտարարեց. «Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին։ Որևէ մեկը ձեզ ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել»։ Եվ, որ ամենահետաքրքիրն է, հենց ինքը ակամայից բացատրեց պատերազմի մասնակիցների ներկայիս, ընդգծում եմ՝ ներկայիս լռության պատճառը, հաղորդելով, որ «ավելի քան 50 նախկին զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ»։ Եթե սրան գումարենք ՀՀ ԶՈՒ և Արցախի Պաշտպանության բանակի գործնականում ողջ նախկին հրամանատարության դեմ հարուցված քրեական գործերը, ապա լռության պատճառն առավել քան ակնհայտ է դառնում. վախ, ընդհուպ մինչև մտավախություն սեփական կյանքի համար։

Պատերազմի շարքային մասնակիցներից եվ ցածր ու միջին օղակի սպաներից ոչ մեկն ապահովագրված չէ պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվելուց, և նրանց, ովքեր այսօր կհամարձակվեն ճշմարտությունն ասել պատերազմի օրերին տեսածի ու ապրածի մասին, անխուսափելիորեն սպասում է հենց այդ ճակատագիրը։ Փաշինյանի ստեղծած իրավապահ համակարգն աշխատում է բացառապես հօգուտ ռեժիմի և այն նպատակի, որ իշխանության ղեկին մնա դավաճանների կառավարությունը, ուստի առանց չնչին իսկ վարանման և՛ Գլխավոր դատախազությունը, և՛ Քննչական կոմիտեն, և՛ ԱԱԾ-ն կկատարեն կապիտուլյանտի հրամաններն ու շինծու գործեր սարքեն։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ցանկացած պատերազմի ժամանակ լինում են բազմաթիվ սխալներ. և՛ ակամա, և՛ միանգամայն գիտակցված, ինչպես նաև, իհարկե, դավաճանության դեպքեր, ապա նույնիսկ ամենաանմեղ մարդու դեմ գործ սարքելը փորձառու կեղծարարների համար խաղուպար է։

Գեներալներին ու զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներին դա վերաբերում է ավելի մեծ չափով, քանզի նրանք շատ ավելի խոցելի են։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բարձրաստիճան զինվորականներից շատերը կոռուպցիոն մեղքեր ունեն, ինչպես որ ոչ ոք չի կասկածում, որ ով-ով, բայց Փաշինյանը հմտացել է կոմպրոմատ հավաքելու գործում՝ նրանց դեմ, ում պետք է սանձած պահել։ Այդ թվում՝ ստիպելով լռել այն կարևորագույն փաստերի մասին, որոնք կարող են լույս սփռել իր սեփական ահավոր մեղքերի և հանցագործությունների վրա։

Այդ սուբյեկտը, անշուշտ, չի խորշիկանի դա ըմբոշխնումով) կոմպրոմատի հրապարակմամբ (կամ կեղծմամբ) և քրեական հետապնդմամբ շանտաժի ենթարկել պատերազմի հանգամանքների վերաբերյալ արժեքավոր տեղեկատվության կրողներին։ Նույնքան վեր է կասկածից, որ նա կնսեմանա ոչ միայն զինվորականներին, այլև նրանց ընտանիքների անդամներին, ընդհուպ մինչև երեխաներին հաշվեհարդարով սպառնալու աստիճանի։

Կրկնում եմ, մենք հեռու ենք Հայոց բանակի նախկին ղեկավարությանը և նրա գեներալակազմի ներկայացուցիչներին իդեալականացնելու մտքից։ Բայց մեկ բան կասկածից վեր է. մարդկային բոլոր թուլություններով հանդերձ, 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը ստորագրողների մեծամասնությունը նվիրված էր իրենց գործին ու Հայրենիքին և պատրաստ էր պաշտպանել թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, թե՛ բուն Բանակը։ Նրանք շատ լավ հասկանում էին, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի օրերին ու դրանից հետո, և հասկանում են, թե ինչ է կատարվում այսօր, գիտակցել և գիտակցում են իրենց պատասխանատվությունն ու այն փաստը, որ շատ բան կախված է նրանից, թե կխոսեն արդյոք իրենք, կասեն ճշմարտությունը, կբացահայտեն, վերջապես, ճշմարտությունը պատերազմի մասին…

Եվ այդուհանդերձ նրանք շարունակում են լռել. փառաբանված մարտական գեներալները, որոնցից մահու չափ վախենում էին թշնամիները, լռում են՝ յուրաքանչյուրը ծվարած իր ապահով (?) անկյունում և փաստացի խոնարհված նրա առջև, ում իրենք պետք է խորապես քամահրեին. դասալիքի և դավաճանի առջև: Դրա պատճառը, մեր համոզմամբ, կարող է լինել միայն վախը հարազատների համար, իսկ շատերի պարագայում՝ վախը բանտի հանդեպ։ Քանզի նրանք շատ լավ գիտեն, որ այս ոհմակը կանգ չի առնի ոչ մի բանի առջև, միայն թե թաքցնի ճշմարտությունը դավաճանական պատերազմի մասին, ճշմարտությունը իր մասին, և գործած հրեշավոր ոճիրի տակից դուրս գա մաքուր ու անմեղ։ Նույնիսկ բանակի բացարձակ վարկաբեկման ու փլուզման և նույնիսկ հայոց պետության փաստացի ոչնչացման գնով։

Բայց հենց այսօր՝ վճռական, բայց, ավաղ, վճռորոշ չդարձած քայլից 2 տարի անց, հայ գեներալները կարող են կրկին դառնալ այն ուժը, որը ջախջախիչ հարված կհասցնի ստի մեջ վերջնականապես թաղված և սեփական հանցագործությունների մեջ խճճված ռեժիմին։ Դրա համար նրանք պետք է խոսեն. չվախենան, կանգ չառնեն սպառնալիքների առջև, հիշեն սեփական մարտական անցյալի մասին, իսկ գլխավորը՝ իրենց հազարավոր զինվորների հերոսության մասին, որոնք զոհել են կյանքը հանուն Հայրենիքի, որը մենք այսօր կորցնում ենք։ Պատվի և արժանապատվության մասին, ի վերջո:

Ամենայն հավանականությամբ, սա նրանց վերջին հնարավորությունն է՝ թեթևացնելու հոգին և ազատվելու վերջին երկու տարիների հարմարվողականության ու պատեհապաշտության մեղքից: Միգուցե կրկին զինվորականներից է կախված երկրի ճակատագիրը, և նրանք՝ հայ գեներալները, պարտավոր են դա հասկանալ։ Պարտավոր են հստակ գիտակցել, որ եթե նորից ընտրեն վախկոտության ու լռության ճանապարհը, ազատության մեջ մնալով «կոմպրոմատ ընդդեմ կոմպրոմատի» սկզբունքով, ապա իսկապես կդառնան «հինգերորդ շարասյուն», որին ներում չի լինի պատմության մեջ, անկախ նրանից, թե ով ինչ է արել և ինչ սխրանքներ է գործել դավաճանությանը նախորդած տարիներին։

Թող նրանք պարզապես հիշեն իրենց՝ այն ժամանակներում, և նայեն այս ողորմելիին, որը մեղադրում է իրենց դավաճանության մեջ և, կարելի է չկասկածել, իրար հետևից կփակի ճաղերի հետևում, դրանով իսկ ոչնչացնելով և՛ Հայոց բանակի սերուցքը, և՛ բուն բանակը, և՛ առհասարակ ողջ երկիրը…