ԿԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Արցախցի ոստիկանների վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումից հետո, ինչի արդյունքում երկու կողմից էլ զոհեր եղան, իրադարձությունները սրընթաց զարգանում են։ Հիքմեթ Հաջիևը հարցազրույց տվեց, որում արտահայտեց Ադրբեջանի բոլոր հավակնությունները և որը գնահատվեց որպես Արցախի կամ Հայաստանի դեմ ագրեսիայի տեղեկատվական նախապատրաստություն։ Բաքուն Ստեփանակերտին «հրավիրեց» բանակցությունների՝ քննարկելու Արցախի «վերաինտեգրումը» Ադրբեջանին…
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶԱՆԳԱՀԱՐՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում խոսքը վերաբերում է նրան, որ բանակցությունները պետք է ընթանան արդեն գոյություն ունեցող ձևաչափերով։ Ստեփանակերտը մերժում է Բաքու գնալու և «վերաինտեգրումը» քննարկելու «հրավերը»։ Փաշինյանը մեծ ասուլիս է տալիս, որտեղ հերթական անգամ հայտարարում է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Ալիևի ծրագրերի մասին։ Նա ընդգծում է, որ Երևանի կարմիր գծերը Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն են։ Շեշտում է, որ Արցախի անվտանգության երաշխավորները նրա Պաշտպանության բանակն ու Ռուսական խաղաղապահ զորակազմն են, բայց բնավ ոչ Հայաստանը... Իր գնահատմամբ։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն է լիակատար պատասխանատվություն կրում Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար, պատասխանում է, որ ՌԽԶ-ի պարտականությունները ամրագրված են 9.11.2020 թ. եռակողմ հայտարարության մեջ, որտեղ նշված է, թե ինչ գործառույթներ ունեն խաղաղապահները: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, ապա, Մոսկվայի գնահատմամբ, Արցախի ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա դնելը «Պրահայի գծի», այսինքն Երևանի արտաքին քաղաքականության արևմտամետ վեկտորի շարունակությունն է։
Ալիևը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու թուրքական պետությունների գագաթնաժողովին, որտեղ խոսում է ադրբեջանցիների «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի անհրաժեշտության մասին։ ՀՀ ԱԳՆ-ը նման հայտարարությունը գնահատում է որպես արդեն ոչնչով չքողարկված տարածքային նկրտումներ Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ գագաթնաժողովն ավելի վաղ նախատեսվում էր անցկացնել Շուշիում, իսկ Ալիևի այցն Էրդողանին չծրագրված էր:
Հայաստան է այցելում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Այցը տեղի է ունենում կազմակերպության ղեկավարի տեղակալի քվոտայից Երևանի հրաժարման և հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնից Տիգրան Փարվանյանի հեռացման խորապատկերին: Նոր հրամանատար դեռևս չի նշանակվել։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելում է Եռաբլուր զինվորական փառքի պանթեոն և ծաղկեպսակներ դնում Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայ զինվորների հուշարձանին: Նա այցելում է նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններ, տեղում ծանոթանում իրավիճակին։ Նշենք, որ մամուլում տեղեկություններ են հրապարակվում Արցախի հետ շփման գծի և Հայաստանի հետ սահմանի մոտակայքում ադրբեջանական զորքերի ակտիվացման մասին։
Գլխավոր քարտուղարը հանդիպում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Թե կկայանա արդյոք նրա հանդիպումը Փաշինյանի հետ՝ դեռ հայտնի չէ։
Իլհամ Ալիեվի Բաքու վերադառնալուց հետո նրան զանգահարում է Վլադիմիր Պուտինը։ Քննարկվում է Լեռնային Ղարաբաղի թեման։ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը հանդես է գալիս հայտարարությամբ, որ տարածքային պահանջներ չունի Հայաստանից։ Երկուշաբթի օրը Մոսկվայում կկայանան ՌԴ և ՀՀ արտգործնախարարների բանակցությունները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը Մոսկվայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին։
Տարածաշրջանում վերջին զարգացումների ժամանակագրությունն ինքնին բավական խոսուն է։ Ահագնացման սպառնալիք իսկապես կա։ Մոսկվային դա ձեռնտու չէ, նա աշխատում է սպառնալիքների համահարթեցման, մասնավորապես՝ Լավրով-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ։
Փաշինյանի դիրքորոշումը պարզ է։ Նա կողմ է իր խաղաղ օրակարգի առաջմղմանը, բայց եթե Բաքուն ագրեսիա ձեռնարկի Արցախում և այն ձախողվի, ապա շահողը կլինի Հայաստանը՝ Փաշինյանի թիմի «հանճարեղ» արտաքին քաղաքականության արդյունքում։ Եթե ագրեսիան հաջողությամբ պսակվի Բաքվի համար, ապա մեղքը կընկնի Մոսկվայի վրա, իսկ Փաշինյանն ու իր թիմը ճերմակ ու հրեշտակ կդիտվեն արևմտյան աշխարհի աչքում։
Նույնը կարելի է ասել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում։ Այո, Նիկոլը կողմ է խաղաղ օրակարգի առաջմղմանը, բայց եթե Բաքուն ահագնացման գնա ՀՀ սահմանների դեմ և ձախողվի, ապա շահողը կլինի ինչպես Հայաստանը, այնպես էլ «մեծ առաջնորդ» Փաշինյանը։ Իսկ եթե Ադրբեջանը ագրեսիա ձեռնարկի մեր երկրի դեմ և զավթի նոր տարածքներ, ապա մեղավոր կլինեն զինվորականների դեռ իսպառ չոչնչացված «հինգերորդ շարասյունը», ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը, իսկ շահող՝ Փաշինյանի թիմի արևմտամետ շտաբը։