Վուչիչը հայտարարել է, որ մտադիր չէ որևէ բան ստորագրել ԵՄ-ի և Կոսովոյի ներկայացուցիչների հետ

Սերբական կողմը մտադիր չէ որևէ բան ստորագրել ԵՄ-ի և Կոսովոյի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու այսօր ավելի ուշ, Օխրիդ քաղաքում (Հյուսիսային Մակեդոնիա), տեղեկացրել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդիպումից առաջ, հաղորդել է «Ինտերֆաքսը»։

«Ես հիմա ձեզ կասեմ, որ ոչինչ չեմ ստորագրելու, և նրանց (զրուցակիցներին) դա չի հուզում։ Կարծում եք՝ նրանք ուրախանո՞ւմ են։ Նրանք ուրախ չեն, քանի որ երջանիկ են միայն Սերբիայի անհաջողություններից, և կուրախանային, եթե ես որևէ այլ բան ասեի։ Ես ցանկանում են խոսել հարաբերությունների կարգավորման մասին։ Այս մասին մենք կարող ենք խոսել միմյանց հետ»,- Վուչիչի խոսքերը մեջբերել է սերբական РТС հեռուստաալիքը։

Սպասվում է, որ շաբաթ օրը Օխրիդում սկզբում տեղի կունենան եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի երկկողմ հանդիպումները Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ, իսկ հետո տեղի կունենա եռակողմ հանդիպումը։ Զրույցին կմասնակցի նաև Արևմտյան Բալկաններում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը։

Անցած հինգշաբթի հանդիպման առիթով արված հեռուստաուղերձում Վուչիչն ասել է, որ վճռորոշ որևէ բան չի սպասում հանդիպումից։

Կոսովո և Մետոխիա սերբական ինքնավար երկրամասը, որը մեծ մասամբ բնակեցված է ալբանացիներով, արյունահեղ հակամարտությունից հետո 2008թ. միակողմանիորեն հայտարարել է Սերբիայից անկախանալու մասին։ Արևմտյան երկրների մեծ մասը ճանաչել է այս քայլը, սակայն Բելգրադը շարունակում է այդ հողերը համարել սերբական պետության մաս։

News.am