ԱՄՈՒԼՍԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՆԱՐԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐԵԼ «ԹԹՎԱՅԻՆ ԳԵՏԵՐԸ»

«Ամուլսարի ծրագրի իրականացման դեպքում ռիսկերը շատ մեծ են։ Թեև այս մասին մասնագետներն անընդհատ բարձրաձանել են, այսինքն՝ «հեծանիվ չենք հորինելու», բայց բոլորը պետք է իմանան այդ մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Այդահոյի համալսարանի ջրային ռեսուրսների մասնագետ, դոկտորանտ Լուսինե Թասլակյանը։ Թասլակյանը նաև Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի ջրային ռեսուրսների գիտություն, քաղաքականության և կառավարման մագիստրոս է։

Ըստ մասնագետի՝ ամենից մտահոգիչ ռիսկերը կապված են ջրային ռեսուրսների հետ։

«Այդ սարի դիրքն այնպիսին է, որ ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգներից հնարավոր չէ խուսափել, քանի որ հարվում է Արփա, Որոտան, Դարբ գետերին, էլ չենք խոսում՝ Ջերմուկի հանքային ջրերի մասին։ Ցանկացած մետաղական հանքի դեպքում խնդիր ունենք թթվային դրենաժի հետ։ Դա այն է, երբ ծծմբային մետաղական միացությունները ապարների բացման դեպքում ռեակցիայի մեջ են մտնում ջրի և թթվածնի հետ՝ առաջացնելով թթվային դրենաժ։ Անհնարին է կառավարել «թթվային գետերը», որովհետև այդ ամբողջը թափանցելու է ստորերկրյա և մակերևույթային ջրեր։ Այդ տարածքում հանք բացելը կնշանակի Ջերմուկի բնակչությանն ասել՝ թողեք, գնացեք այստեղից, որովհետև արդեն անհնար կլինի այնտեղ ապրելը»,- ասաց Թասլակյանը։

Ջրային ռեսուրսների մասնագետը կարծում է, որ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ տուրիզմի ոլորտում։ Այս ուղղությունը զարգացնելով, հնարավոր է մեծ գումարներ աշխատել։

«Օրինակ՝ Այդահոյում կան տաք ջրեր, մարդիկ զգալի գումար են ծախսում ՝ օգտվելու համար, բավականին թանկ արժե։ Մեր պարագայում՝ Ջերմուկը բրենդ է, հանքավայրի շահագործման դեպքում, միանշանակ, բացասական ազդեցություն լինելու է։ Էլ չեմ խոսում փոշու մասին, որը բավականին հեռու է տարածվելու։ Ակնհայտ է՝ ո՛չ քամիներն է հնարավոր վերահսկել, ո՛չ էլ՝ անձրևները»։

Թասլակյանը պարզաբանում է՝ աշխարհում բնապահպանության ոլորտում գոյություն ունի չվնասելու, կանխարգելելու սկզբունքը։ Ամուլսարի դեպքում՝ ջրային ռեսուրսները բավարար գնահատված չեն, տվյալ դեպքում՝ կանխարգելման սկզբունքը ենթադրում է, որ ավելի լավ է որևէ գործունեություն չծավալել։

«Ամուլսարն անապատում չէ, մենք էլ միլիոնավոր կիլոմետրերով տարածքներ չունենք, որ այս մեկն էլ ջնջենք և ասենք՝ լավ, այս մարդիկ թող ուրիշ տեղ գնան ապրեն։ Հատկապես, ներկա քաղաքական իրավիճակում նման բանն անթույլատրելի է։ Ցանկացած հայրենիքը սիրող մարդ նման քայլի չէր գնա։ Որոշումը կայացնողը նախ պետք է մտածի ,թե հաջորդիվ ի՞նչ է լինելու։ Ակնհայտ են ռիսկերը, որոնք կառավարելի չեն, ես վստահ եմ դրանում։ Չի՛ կարելի այսպես վերաբերվել այս մի բուռ հողին, բարոյական չէ»,- ընդգծում է ԱՄՆ Այդահոյի համալսարանի ջրային ռեսուրսների մասնագետը։

Հանքավայրի շահագործման պարագայում մտահոգիչ է նաև Սևանա լճի խնդիրը, քանի որ աղտոտված գետերի ջրերն, ի վերջո, հասնելու են Սևանա լիճ։

«Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ջուր է օգտագործվելու հանքաքարերի մշակման և այլ գործողությունների համար։ Աղտոտվելու են ջրերը՝ շատ լավ իմանալով, որ ունենք Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները և Որոտան-Արփա-Սևան թունելների համակարգը։ Աղտոտված ջուրը հայտնվելու է այդ համակարգում, որի միջոցով հասնելու է Սևանա լիճ։ Այսպե՞ս ենք օգնելու «խեղճ», «հիվանդ» Սևանին։ Այսինքն՝ հոնքը շտկելու փոխարեն, աչքն ենք հանելու» ,- ավելացրեց Թասլակյանը։

Մյուս կողմից էլ՝ նման շռայլություն թույլ տալու համար, պետք է հաշվի առնել այն, որ մարդիկ ոռոգման ջրի խնդիր ունեն։ Տեղումները գնալով պակասում են, իսկ ջրամբարներն ամբողջությամբ չեն լցվում։ Սա իրականություն է, որի վրա աչք փակել չենք կարող։ Նոր հանքավայրերի շահագործումն էլ ավելի է նպաստելու այս խնդիրների սրմանը․․․

Panorama.am