Թշնամական դրսևորումներն արձանագրվում են. Պեսկովը` Պուտինի նկատմամբ ՄՔԴ որոշման մասին
Կրեմլում հանգիստ են վերաբերվում Ռուսաստանի նախագահի նկատմամբ այնպիսի թշնամական դրսևորումներին, ինչպիսին է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից նրան ձերբակալելու օրդերի տրամադրումը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք աշխատել: Նախագահը շարունակում է աշխատել։ Մենք ականատես ենք լինում աշխարհում մեր երկրի և մեր նախագահի նկատմամբ բազմաթիվ բացահայտ թշնամական դրսևորումների։ Մենք դա արձանագրում ենք, բայց եթե յուրաքանչյուր թշնամական դրսևորում սրտին մոտ ընդունվի, ոչ մի լավ բան չի ստացվի», - ասել է Պեսկովը։
Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային «ձերբակալելու» օրդեր էր տվել:
Sputnik Արմենիա