ԱՅԴ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԲԱՌԸ. «ՊԱՐԵԿ»
Ոչ պրոֆեսիոնալ գործողություններ՝ կյանքի վտանգումով…
Հինգ տարվա ընթացքում պարեկային ծառայության ինստիտուտը արմատական «բարեփոխուման» է ենթարկվել՝ ռեժիմի պարագլխի անձնական հրահանգով։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. «պարեկները» կաշառք են վերցնում, գողությամբ զբաղվում և տեղում գնդակահարում մարդկանց, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 13-ի գիշերը Հրազդան քաղաքում (Կոտայք)։
Վանատուր բնակավայրում, որտեղից ահազանգ էր ստացվել, ոստիկանները հայտնաբերել են գողին, որը կացնով սպառնացել է նրանց։ Արդյունքում «պարեկներից» մեկը կրակել է 45-ամյա Սամվել Թովմասյանի (նախկինում դատապարտված) կրծքին, ինչի հետևանքով վերջինս մահացել է հիվանդանոցում։ Միջադեպի առնչությամբ բանիմաց մասնագետները՝ արդարադատության գեներալի մակարդակով, տեղեկացրեցին հանրությանը, որ «պարեկը» իրավունք չուներ թիրախավորելու կրծքավանդակի հատվածը, իսկ Թովմասյանից բխող վտանգի դեպքում պետք է կրակեր ոտքերին։
Եթե հիմք ընդունենք ռեժիմի վերնախավի մաքառող տգիտության մասին թեզը, ապա հեշտությամբ կգանք այն եզրակացության, որ այս ռեժիմի կողմից արմատապես բարեփոխված կառույցը չէր կարող պրոֆեսիոնալ լինել։ Լրատվամիջոցներում լիառատ են օրինակները մասնագիտության հիմունքներին չտիրապետող «պարեկների» կյանքից: Փետրվարի 10-ին, ժամը 23-ին Երևանը ցնցվեց Հանրապետության հրապարակում «Համմերի» հանդուգն պահվածքից։ Մեքենայի ղեկին Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանն էր, որը, ըստ պաշտոնական վարկածի, թմրանյութերի ազդեցության տակ էր։ Ներկայումս նրան պահում են «Արմավիր» գաղութում, սակայն բանիմաց աղբյուրները կասկածում են, թե վիրտուոզ վարորդի հմտություններ ցուցաբերած անձը կարող էր լինել թմրամիջոցների ազդեցության տակ։
Ինչևէ, մինչև հիմա պարզ չէ, թե ինչպես որակել «պարեկների» գործողությունները, որոնց ականատեսն է մայրաքաղաքի ողջ հասարակայնությունը տեսանյութի միջոցով։ Մեքենան շրջակալելու պարեկայինների փորձերն այն աստիճան ցնցեցին երևանցիներին, որ նրանք մոռացան ղեկին նստած թմրամոլի մասին, որը սպառնում էր անցորդների կյանքին։ «Պարեկները», հիշեցնեմ, անկանոն կրակ բացեցին ավտոմեքենայի վրա, ընդ որում երկար ժամանակ չէին կարողանում կանգնեցնել այն։
«Պարեկների» գործողությունները վկայում են մասնագիտական հմտությունների իսպառ բացակայության մասին։ Պատահական կրակոցներից միայն հրաշքով չտուժեցին անցորդները, թեև պրոֆեսիոնալը առաջին իսկ կրակոցով կդիպչեր անիվներին, մանավանդ եթե հաշվի առնենք, որ կրակում էին մի քանի մետրից։
Վերջին դեպքը կապված է Մարտունի (Գեղարքունիք) համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։ Մարտի 15-ի ժամը 22.00-ին Արծվանիստ գյուղում պարեկային ծառայության 3 աշխատակիցներ փողոցի մեջտեղում հայտնաբերել են հայհոյանքներով օդը ցնցող մարդու։ «Պարեկները» որոշել են բերման ենթարկել նրան, սակայն միջամտել են զազրախոսի հայրը և էլի երեք տեղացիներ։ Նրանք բոլորով հարձակվել են պարեկայինների վրա, արդյունքում 5 մարդ ձերբակալվել է, կասկածներ կան, որ ծեծկռտուքի ընթացքում պարեկայինները հրազեն են կիրառել։ Արծվանիստւմ տեղի ունեցածն ամենավառ վկայությունն է, որ ժողովուրդն ատում է և դիմադրություն ցուցաբերում «պարեկներին»։ Մարդիկ չեն ընկալում նրանց որպես իրավապահներ, զանգվածային ընկալմամբ դա «Նիկոլի ոստիկանությունն» է։
Պետական ինստիտուտը վերածվել է Մախնոյի հանցախմբի մասնաճյուղի…
Հասարակությանը պարտադրված է ծառայություն, որը մշտական շփման մեջ է քաղաքացիների հետ, սակայն դրա աշխատակիցները չեն տիրապետում մասնագիտական տարրական հմտություններին: Այն «պարեկի» մասին, որը զբաղվել է գողությամբ և բռնվել հանցանքի պահին, երբ ցատկել է շենքի 2-րդ հարկի պատուհանից, հայտնի է բոլորին։ Թմրանյութեր օգտագործող «պարեկների», դրամ շորթելու համար գիշերը մեքենաներ կանգնեցնող նրանց գործընկերների մասին կարելի է անվերջ խոսել։ Հարց. ո՞վ է հավաքագրել այդ կիսաքրեական հանրությանը պարեկային ծառայության՝ վերածելով պետական ինստիտուտը Բատկա Մախնոյի հանցախմբի մասնաճյուղի:
Հիշեցնեմ, որ հասարակության մտածող հատվածն ի սկզբանե թերահավատորեն վերաբերվեց Սորոսի հիմնադրամի աչալուրջ հայացքի ներքո ոստիկանության բարեփոխման գաղափարին։ «Գոլոս»-ի մշտական ընթերցողները հավանաբար կհիշեն հրապարակումներն այդ թեմայի վերաբերյալ, բայց մղձավանջային երազում անգամ անհնար էր տեսնել պարեկային ոստիկանության նման արմատական այլակերպում անարխիստական հրոսակախմբի: Նրանք, ովքեր կհամարեն, թե տողերիս հեղինակը խտացնում է գույները, խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Դանիել Իոաննիսյանի գրառումներին՝ պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին աշխատանքից ազատելու թեմայով։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահը կանգնած է եղել հիշյալ բարեփոխման ակունքներում, իսկ այսօր ջանում է ամեն կերպ չքմեղանալ այն ամենում, ինչ ստացվեց չոր նստվածքում։
«Պարեկ» բառը շարունակում է սարսափեցնել հայ հասարակությանը։ Այն դարձել է «հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիների» նկատմամբ բռնի գործողությունների հոմանիշը։ Ե՞րբ է գալու ողջ երկրի մասշտաբով մոլեգնող այս սանձարձակ կամայականության վերջը: Ամեն օր քրեական ամփոփագրերը համալրվում են «պարեկների» մասնակցությամբ միջադեպերով։ Այն կարևորության մասին, որ ռեժիմի պարագլուխը տալիս է այդ ծառայությանը, վկայում է երկրի գլխավոր հրապարակի վերածման փաստը ՆԳՆ կենտրոնակայանի։
Հանրապետության հրապարակը հիշեցնում է ոստիկանության ռազմականացված զինահարթակ՝ տրանսպորտային մեծաքանակ միջոցների տեղակայմամբ։ Հրապարակում կանոնավորապես հերթապահում են հարյուրավոր ոստիկաններ, իսկ կառավարության կենտրոնական մասնաշենքը հսկում են այնպիսի քանակությամբ իրավապահներ, որ դրա կողքով քայլելն անգամ սարսափելի է. «պարեկները» աչքերով խժռում են անցորդներին՝ յուրաքանչյուրի մեջ վտանգ տեսնելով ռեժիմի պարագլխի կյանքի ու անվտանգության համար։
Օրերս ՆԳ նախարար Վահե Ղազարյանը չկարողացավ զսպել ժպիտը տեսախցիկների առջև, երբ խորհրդարանում լրագրողները պատմեցին նրան թարմ անեկդոտը. «Եթե «պարեկ» ես տեսնում, ապա շտապ պետք է ոստիկանություն կանչել»։ Գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի արշալույսին Անդրանիկ Քոչարյանը (ներկայումս՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար) հանդես եկավ օլիգարխների զինված թիկնախմբերի անհապաղ վերացման առաջարկով՝ անվանելով զինված թիկնապահների խմբերին բանդաներ։ Նույնպիսի տպավորություն է թողնում «պարեկների» ինստիտուտը՝ Սորոսի հիմնադրամի մասնակցությամբ բարեփոխումից հետո։ Մի՞թե հնարավոր չէր նախքան փողոց դուրս բերելը սովորեցնել այդ մարդկանց մասնագիտության հիմունքները։ Ի դեպ, «բարեփոխման» առանցքային դրույթը «պարեկների» նկատմամբ պահանջների նվազեցումն էր կրթության մասով…
Այն փաստը, որ համակարգում ակտիվորեն ներգրավվում են մարդկության գեղեցիկ կեսի ներկայացուցիչները, ոչ մի կերպ չի ազդում «պարեկների» հեղինակության վրա։ Ոստիկանի համազգեստով աղջիկները վերջին շրջանում բացահայտ լպիրշ են պահում իրենց Երևանի փողոցներում. բարձրաձայն խոսում, է՛լ ավելի բարձր ծիծաղում։ Անցորդները շրջանցում են այդ տիկնանց, բայց ամենից շատ երևանցիները վախենում են «պարեկների» հանդիպել գիշերային ժամերին, իսկ վարորդները փորձում են հնարավորինս արագ գլուխն ազատել նրանցից՝ կաշառք տալով։
Նման հարաբերություններ քաղաքացիների և իրավակարգը հսկող ուժերի միջև երբեք չեն եղել։ «Պարեկներից» վախենում են և ատում բռիության, մարդկանց նկատմամբ հարգանքի բացակայության ու բռնության հակվածության համար։ Ընդ որում ակներև է, որ «բարեփոխումից» հետո բոլոր այդ հատկանիշները խրախուսվում են: «Նիկոլի ոստիկանությունը» վստահ ուղեգիծ է վերցրել դեպի վերածում ազդեցության արգելված մեթոդներ կիրառող սադիստ-մարդասպանների հանցախմբի։ Հանցավորության կորագիծը անշեղորեն վեր է սողում, ինչը ստիպում է խոստովանել, որ ոչ մի բարեփոխում չի եղել: Պարզապես համակարգից վռնդել են պրոֆեսիոնալներին ու նրանց փոխարեն մարդ հավաքել փողոցներից ու զինել։ «Պարեկները» զինված են և շատ վտանգավոր, խորհուրդ ենք տալիս հեռվից հեռու շրջանցել նրանց, հատկապես գիշերային ժամերին: