Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների բանակցությունները 4,5 ժամ են տևել
Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ոչ պաշտոնական բանակցությունները, որոնք 4,5 ժամ են տևել։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հանդիպման ավարտին ՌԴ առաջնորդը դուրս է եկել փողոց՝ ճանապարհելու իր չինացի գործընկերոջը։ Նրանք կարճ խոսել են մեքենայի մոտ և որպես հրաժեշտ միմյանց ձեռք են սեղմել։
Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա։ Բանակցությունները Կրեմլում սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 16:30-ին՝ դեմ առ դեմ ձևաչափով, այնուհետև շարունակվել են ընթրիքի ժամանակ։ Պետությունների ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ համագործակցությունը, այնպես էլ Ուկրաինայում տիրող իրավիճակը և խնդրի կարգավորման համար Պեկինի առաջարկած ծրագիրը։ Սա Չինաստանի առաջնորդի առաջին միջազգային ուղևորությունն է վերընտրվելուց հետո և կտևի մարտի 20-22-ը։ Սի Ծինփինը, որպես պետության ղեկավար, 2013 թվականից ի վեր ութ անգամ այցելել է Ռուսաստան՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր։ Ընդհանուր առմամբ, վերջին տասը տարիների ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը տարբեր ձևաչափերով հանդիպել են ավելի քան 40 անգամ։
News.am