Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ՀԱՊԿ-Ը, ԵՎ Ի՞ՆՉ ՎՏԱՆԳՆԵՐ Է ԴԱ ԾՆՈՒՄ
Արևմտյան կենտրոններից ՀՀ իշխանություններին պատվեր է իջել` էժանացնելու ՀԱՊԿ–ի դերը Հայաստանում և ՌԴ խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադառնալով ՀԱՊԿ–ի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Մարտի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Մարտի 14-ին Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ–ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ–ն է Հայաստանից դուրս գալիս, ինչը, ըստ նրա, անհանգստացնող է։
«ՀՀ իշխանություններին հանձնարարված է ՀՀ արտաքին ռազմաքաղաքական գործընկերների մեջ որոշակի տարանջատում մտցնելու քաղաքականություն իրականացնել, որի հիմնական թիրախը ՀԱՊԿ–ն է»,–ասաց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով` այս պահի դրությամբ իշխանությունը փորձում է կառույցի հետ ունեցած խնդիրը պահել տեղեկատվական դաշտում` ցույց տալու համար, որ ՀԱՊԿ–ը չի իրականացնում պայմանագրային պարտավորությունները, ինչի առիթ է տալիս հենց ՀԱՊԿ–ը։
«Երբ որոշ ժամանակ սկսում ես կրկնել միտքը, որ ՀԱՊԿ–ը իրենից ոչինչ չի ներկայացնում, չի օգնում, բերում ես օրինակ, որ ՆԱՏՕ–ն մեծ քանակությամբ զինամթերքով օգնում է Ուկրաինային, այն դեպքում, երբ Ուկրաինան չի հանդիսանում ՆԱՏՕ անդամ, իսկ ՀԱՊԿ–ը չօգնեց Հայաստանին, դրանից հետո ՀԱՊԿ–ից դուրս գալը ավելի հեշտ է ընկալվում հասարակության կողմից»,– նշեց Բադալյանը։
Նրա խոսքով` Հայաստանի կողմից ռազմաքաղաքական ալյանսից հրաժարվելու արևմտյան քաղաքականության տակ թաքնված է ՀԱՊԿ–ՆԱՏՕ խնդիրը, որը արևմտյան լրատվամիջոցները կօգտագործեն` ցույց տալով, թե ՀԱՊԿ–ը քանդվում է, որը իրականում հենց իմիջային հարված է Ռուսաստանին, քանի որ այն մեծ դերակատարում ունի այդ կազմակերպությունում։
Իսկ ՌԴ–ի հետ հարաբերությունները փչացնելը կանդրադառնա ոչ միան էժան գնով զենք ձեռք բերելու վրա, այլ նաև գազի գնի։ Ինչպես նաև ՌԴ–ում ապրող մեծաքանակ միգրանտների համար դա լրացուցիչ խնդիրներ կստեղծի, որի օրինակն արդեն կա (խոսքը ՌԴ տարածքում հայերի վարորդական իրավունքի վավերականության օրենքի հետաձգման մասին է)։
Քաղտեխնոլոգը կարծում է, որ ՀԱՊԿ–ի դերը արժեզրկելուց հետո հաջորդ քայլը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին թիրախավորելն է, որի բուն նպատակ ԼՂ միջազգային դիտորդներ տեղակայելն է։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
Իսկ 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։