ԼԱՎՐՈՎ-ՄԻՐԶՈՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը շատերի կողմից ընկալվեց որպես կանչ գորգի ՀՀ իշխանությունների հակահայկական հայտարարություններից և գործողություններից հետո։ Թե որքանով է Լավրովին հաջողվել իրականացնել ռուսական կողմի բոլոր մտադրությունները, ցույց կտա ժամանակը, սակայն առայժմ նկատում ենք, որ հանդիպմանը քննարկվել է թե՛ Արցախի իրավիճակին, թե՛ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

 

Լավրով Եռակողմ հայտարարությունը պետք է կատարել առանց իմպրովիզացիաների

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության կետերը պետք է կատարել առանց իմպրովիզացիաների, - հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Եթե խոսենք «ավարտվել է օկուպացիան, որը տևել է մի քանի տասնյակ տարի» և «սկսվել է ագրեսիան» խոսույթներով, ապա մենք ոչ մի խնդիր չենք լուծի։ Պետք է միշտ փնտրել կողմերի հաշտեցման ուղիներ, շահերի հավասարակշռություն։ Հենց այդպես վարվեց Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից, որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ 2020 թվականին դադարեցրեց ռազմական գործողությունները»,–ասաց Լավրովը։

Նրա խոսքով՝ բոլորին է հայտնի, որ հնարավորություն կար ավելի շուտ հասնելու հրադադարի, քան ի վերջո տեղի ունեցավ։

Միաժամանակ նա նշեց, որ Ռուսաստանը կողմ է, որպեսզի խստորեն և ամբողջ ծավալով` առանց որևէ իմպրովիզացիայի, կատարվեն բոլոր եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների միջև:

«Խոսքը նախ այն պայմանավորվածությունների մասին է, որոնք ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես այդ համատեքստում։ Եվ միայն առանց բացառության բոլոր դրույթների ամբողջական կատարումը, որոնք վերաբերում էին Լաչինի միջանցքին, կարող է լուծել ստեղծված իրավիճակը»,– նշեց Լավրովը։

Նրա խոսքով` հենց դրանով էլ զբաղված են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները։

Ակնկալում ենք ՌԴ–ի օգնությունը. Միրզոյանը` Լաչինի միջանցք առաքելություն ուղարկելու մասին

Հայաստանը Ռուսաստանի հետ փոխգործակցություն է ակնկալում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում, - հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։

Միրզոյանը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի դերը կարևոր է։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխավորման մեխանիզմների ապահովման և միջազգային մասնակցության անհրաժեշտությունը։

«Ցեղասպանության կանխարգելման համար պետք է միջազգային մասնակցություն լինի, պետք է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Այս հարցում մենք ռուսական կողմի հետ փոխգործակցության հույս ունենք»,– ընդգծեց նախարարը։

Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքներին, որը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող հանգիստ ապրել իր տարածքում, եթե չընդունի Ադրբեջանի պայմանները։

Միրզոյանն ընդգծեց` Երևանի դիրքորոշումը մնում է նույնը` լուծումներ հնարավոր է գտնել միայն բանակցությունների միջոցով, Հայաստանը հավատարիմ է մնում առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարություններին։

Միրզոյան Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան

Հայաստանում չկա նպատակաուղղված հակառուսական արշավ,- ասաց Արարատ Միրզոյանը։

«Իմ ասածի վառ ապացույցն են տասնյակ հազարավոր ռուսաստանցիները, որոնք բավականին խաղաղ ու հարմարավետ ապրում են Հայաստանի տարածքում, ունեն սեփական բիզնես, աշխատում են մեր երկրում և ոչ մի բողոք այդ համատեքստում չունեն»,– նշեց Արարատ Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Երևանում վերջերս տեղի ունեցած հակառուսական ցույցերին ու հավաքներին, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը։

«Սա նորություն չէ, դուք ինքներդ կարող եք համացանցում փնտրել ու գտնել, թե Երևանում որքան հաճախ են բողոքի ակցիաներ իրականացվում, անգամ ՀՀ իշխանություններ դեմ»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է ՌԴ որոշ քաղաքացիների Հայաստան մուտքի արգելքին, ապա Արարատ Միրզոյանը ձեռապահ մնաց որևէ մեկնաբանություն տալ։

Միրզոյան Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց

Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց,- պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարարը Sputnik Արմենիայի հարցին։

Նա նաեվ հիշեցրեց, որ համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

«Այստեղ մեզ համար առանցքային էր այն, որ մեր ընկալմամբ ՀԱՊԿ գործընկերները կազմակերպության պատասխանատվության հստակ գոտին չէին ընդունում։ Մեր տեսանկյունից դա փոքր–ինչ խնդրահարույց էր։ Կրկնեմ, որոշման նախագիծը սեղանին է, աշխատանքը շարունակվում է»,– նշեց Միրզոյանը։

Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության հարցին` ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ առաքելության գործառույթներն ու մանդատը հստակ ամրագրված են։

ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին հիշեցրեց, որ որոշումը եղել է Երևանում կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին կայացած բազմաժամյա բանակցությունների առարկա։ Բոլոր նախարարները համաձայնեցրել են այն։ Այժմ քիչ է մնացել, պետք է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն իրենց ստորագրությունները դնեն։ Առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը դրան ամբողջությամբ պատրաստ է։

Լավրովի խոսքով` ինքն ուրախ է, որ Հայաստանը չի հրաժարվել այդ գաղափարից։ Միրզոյանը շեշտեց, որ դա բխում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերից։

Լավրով ԼՂ հարցում Արևմուտքի գործողությունները «դիվանագիտական ռեյդերություն» են

ԱՄՆ-ն և ԵՄ-ն բացահայտորեն ցանկանում են վարկաբեկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում ռուսական կողմի միջնորդական ջանքերը, - հայտարարեց Սերգեյ Լավրովը:

Նա կրկին վկայակոչեց եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտությունը։

«Նրանք մեծ հաշվով զբաղվում են նրանով, ինչը ես կանվանեի «դիվանագիտական ռեյդերություն։ Նրանք փորձում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածություններն իրենց հարմարեցնել, փորձում են իրենց կուրատորությունը պարտադրել այդ ամբողջ աշխատանքին՝ ուղղակիորեն խաթարելով այդ փաստաթղթերի առանցքային սկզբունքները, որոնք ենթադրում են Մոսկվայի ակտիվ մասնակցությունը և՛ տնտեսական, և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, և՛ սահմանազատմանը, և՛ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում կողմերին աջակցելուն»,–ասաց Լավրովը։

Նա նշեց, որ Միրզոյանի հետ բանակցել են առանց Արևմուտքի և «ոչ Արևմուտքի» հանդեպ հավակնություններ ունենալու, անկեղծ քննարկել են ստեղծված իրավիճակը։

Իրավիճակը, ըստ նրա, ոչ բոլոր հարցերում է համապատասխանում եռակողմ հայտարարություններում առկա դրույթներին։

«Այսօր քննարկել ենք, թե ինչպես կարելի է իրավիճակը վերադարձնել աշխատանքային բնականոն հուն։ Ինձ թվում է՝ որոշակի ըմբռնում ձեռք բերվեց»,– հավելեց Լավրովը։

Sputnik Արմենիա-ի նյութերով