«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 95-ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ
Հայոց Սփյուռքի կրթական և մշակութային հնագույն կառույցներից մեկը՝ Լիբանանի «Համազգային» միությունը, այս տարի նշում է իր 95-ամյա հոբելյանը: Գրեթե մեկ դար է, ինչ «Համազգայինի» մեր հայրենակիցները հսկայական աշխատանք են ծավալում, իրենց ուսերին վերցնելով ազգային ինքնության պահպանման առաքելությունը թե Լիբանանի հայ համայնքներում, թե այլ երկրներում, որտեղ այսօր ակտիվ գործում են միության մասնաճյուղերն ու շրջանային վարչությունները:
«Համազգայինը» Սփյուռքի եզակի կառույցներից է, որի գործունեությունը չի դադարել ամբողջ 95 տարիների ընթացքում: Շեշտը դնելով կրթության ու մշակույթի վրա, միությունը հայրենիքից դուրս ապրող հայության համար հասու է դարձրել ազգային արվեստը, գրականությունը, ավանդույթները և նոր սերնդին դաստիարակել է հայրենասիրական ոգով ու մտածողությամբ:
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԴՐՎԵԼ Է 1928 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ: Հիմնադիրների շարքում էին այնտեղ ապրող մի խումբ մտավորականներ ու հասարակական գործիչներ՝ գրող ու մանկավարժ Լևոն Շանթը, պատմաբան և քննադատ Նիկոլ Աղբալյանը, բժիշկ, Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Համո (Համազասպ) Օհանջանյանը, թատերագետ Գասպար Իփեկյանը և այլոք: Կազմակերպությունը սկզբում ստեղծվել էր իբրև «Հայ կրթական և հրատարակչական ընկերություն» և իր վրա էր վերցրել բարդ խնդիր՝ համախմբել սփյուռքահայությանը ազգային կրթության, մշակույթի, գաղափարախոսության շուրջ: Մի քանի տարի անց կազմակերպության գլխավոր վարչությունը տեղափոխվեց Լիբանան, որտեղ շարունակեց իր գործունեությունը և դարձավ հենց այն «Համազգայինը», որն այսօր մեծ համբավ ունի Սփյուռքում, Հայաստանում, Արցախում:
«Համազգայինը» մեծ դերակատարում ունի Սփյուռքի կյանքում: Միության հիմնադիրները եղել են վառ, առաջադեմ անձնավորություններ, որոնք նայում էին առաջ, դեպի ապագա: Անցնելով գրեթե մի դարի չափ ճանապարհ, «Համազգային» միությունը զարգացավ և այսօր ունի 19 շրջանային վարչություններ տարբեր երկրների քաղաքներում: Ամենուրեք գործում են երգչախմբեր, պարախմբեր, գեղարվեստի դպրոցներ, կրթական հաստատություններ, կատարվում են հրատարակչական աշխատանքներ: Ֆրանսիայում, Լիբանանում, Ավստրալիայում «Համազգայինին» կից կան կրթական օջախներ, Սիրիայում և Լիբանանում հայագիտական կենտրոններ, - ասաց Radio Voice of Van ռադիոկայանին տված հարցազրույցում անվանի երաժիշտ ու խմբավար, «Համազգային» միության ատենապետ Զաքար ՔԵՇԻՇՅԱՆԸ: - Մեր կրթական ճեմարանների առաքելությունն է՝ պատրաստել որակյալ, ազգային մշակույթի ինքնագիտակցություն ունեցող հայ մարդ, հիմնվելով հայկական մտածողության ու ազգային ինքնության վրա: Այս հարցում մեծ դեր են խաղում մանկավարժները, մշակութային օջախների ղեկավարները, ազգային հաստատությունների տնօրենները, հրատարակիչները՝ բոլոր նրանք, ովքեր ներառված են «Համազգայինի» լայնածավալ աշխատանքի մեջ և իրենց վրա են վերցրել կրթելու առաքելությունը»:
Զաքար Քեշիշյանը նշեց, որ կրթության որակը «Համազգայինի» ճեմարաններում և այլ կրթօջախներում բավականին բարձր է: Այն թույլ է տալիս շրջանավարտներին պետական քննությունները հանձնել բարձր գնահատականներով և ընդունվել այլ երկրների առաջատար համալսարաններ, օրինակ, Ֆրանսիայում, Ավստրալիայում։ Բարձր մակարդակի վրա են գտնվում նաև «Համազգայինի» Հալեպի, Բեյրութի և այլ հայագիտական կենտրոնները: Նրանց հիմնական նպատակն է ուսուցիչներ, մտավորականներ, խմբագիրներ պատրաստելն է:
«ՈՐՊԵՍԶԻ ՍՓՈՒՌՔՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԵՋ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆԵՆՔ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ, մենք հատուկ ծրագիր ենք մշակել, որն արդյունավետ եղավ: Անյ աշակերտները, որոնք դպրոցը ավարտելուց հետո հայագիտությունը, հայոց պատմությունն ու գրականությունը դասավանդելը ընտրում են որպես իրենց ապագա մասնագիտություն, ստանում են օժանդակություն: «Համազգայինի» կենտրոնական վարչությունը հոգում է նրանց ուսումը, օրինակ, «Հայկազյան» համալսարանում բակալավրիատի մակարդակով: Այստեղ նրանք սովորում են նաև օտար լեզուներ և ստանում են մանկավարժի դիպլոմ, - շարունակեց Զաքար Քեշիշյանը: - Հետո նրանք կարող են ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում, «Համազգայինի» ու ԵՊՀ-ի պայմանագրի շրջանակներում»:
Նշված ծրագրով արդեն ուսում են ստացել տասնյակ երիտասարդ տղաներ և աղջիկներ Լիբանանից, Ֆրանսիայից, Կիպրոսից և այլն: Այն նպատակ ունի Սփյուռքի համար մանկավարժներ պատրաստել: Այս տարի ևս երեք շրջանավարտներ մագիստրոսի դիպլոմներ կստանան: «Համազգայինի» կենտրոնական վարչությունը հոգում է ծրագրի շահառուների հոգսերը՝ Երևան տեղափոխվելու, կեցության, տան վարձի և այլ ծախսերը մինչև նրանց ուսման ավարտը: Ուսանողներն էլ պարտավորվում են ավարտից հետո վերադառնալ իրենց երկրներ և 7 տարի դասավանդել Սփյուռքի կրթօջախներում:
«Այս ծրագրով մենք ոչ միայն լուծում ենք Սփյուռքին անհրաժեշտ մանկավարժների հարցը, այլև երիտասարդներին աշխատանքով ենք ապահովում, - շեշտեց Զաքար Քեշիշյանը: - Ինչ վերաբերում է «Համազգայինի» հրատարակչական գործունեությանը, ցավոք, տասնյակ հրատարակչություններից այսօր գործնականում մնացել է մեկը: Այն շարունակում է հրատարակել կարևոր հայկական գրքեր, զբաղվել հայ գաղթօջախներում նրանց բաշխելու և այլ հարցերով»:
Զաքար Քեշիշյանը նշեց, որ «Համազգային» միության մշակութային գործունեությունը զարգանում է բոլոր մասնաճյուղերում, որոնցից յուրաքանչյուրը, ելնելով իր կարիքներից և հնարավորություններից, ստեղծում է արվեստի տարբեր խմբակներ ու դպրոցներ՝ ազգային երգ ու պարի, երգչախմային և այլն: Օրինակ, Լիբանանում գործում են «Համազգայինի» մի քանի մշակութային կենտրոններ՝ «Գուսան» և «Կարկաչ» երգչախմբերը, «Քնար» պարային համույթը, «Իփեկյան» թատերախումբը, «Թորոս Ռոսլին» գեղարվեստի դպրոցը և շատ ուրիշ օջախներ, որտեղ որակյալ մասնագետներ են պատրաստվում արվեստի տարբեր ուղղություններով: Ակտիվ աշխատանք է կատարում «Լյուսի Թութունջյան» պատկերասրահը, որտեղ կազմակերպվում են Սփյուռքի և Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ։
«Մեզ համար մեծ ձեռքբերում է Հայաստանի հետ կապերի հաստատումը։ Հայաստանի անկախության առաջին իսկ տարիներին Երևանում բացվեց «Համազգայինի» մասնաճյուղ, որը մինչ օրս լայնածավալ աշխատանք է կատարում Հայաստանի և Սփյուռքի ի միջև մշակութային և կրթական կապերի ամրապնդման ուղղությամբ։ Այս համագործակցության շրջանակում հյուրախաղերով ու համերգներով Լիբանան են այցելել պարի ու երգի համույթներ, երգչախմբեր, թատերական խմբեր, ինչպես նաև հայագետներ։ Հայաստանի և «Համազգայինի» համագործակցությունը հետագայում սկսեց իրականացվել պետական մակարդակով։ Օրերս Գյումրիում ևս բացվեց «Համազգայինի» գրասենյակ, որի գործունեությունը կծավալվի ողջ Շիրակի մարզում։ Եվս երկու կարևոր գրասենյակներ ունենք Արցախում և Ջավախքում»,- ասաց Զաքար Քեշիշյանը։
Նա նշեց, որ «Համազգայինի» երկարամյա պատմություն ունեցող մշակութային և կրթական օջախների հետ մեկտեղ բացվում են նոր կենտրոններ, որոնց գործունեության մեջ ներգրավվում են երիտասարդները։ Օրինակ՝ վերջերս Քուվեյթի մասնաճյուղում ստեղծվել է պարի խումբ, երգչախումբ և երաժշտական ստուդիա: Վերջինը կրելու է Քուվեյթում դասավանդած, Արցախյան 44-օրյա պատերազմի դաշտում զոհված անվանի երաժիշտ, երգիչ Գևորգ Հաջյանի անունը։
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆԸ» ՇԱՐԺՎՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ՝ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԱՐԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ: Այս առումով մեծ աշխատանք է տարվում Միության էլեկտրոնային գրադարանի ստեղծման ուղղությամբ, որտեղ զետեղված են արժեքավոր թվայնացված գրքեր, մշակվել են երեխաների համար նախատեսված հայկական խաղերի էլեկտրոնային տարբերակները՝ «Լալա», «Արա» և այլն։ Մեծ աշխատանք է տարվում մանկապարտեզների ձեռնարկների և դպրոցական դասագրքերի հրատարակության ոլորտում, լուծվում են հայ ժողովրդի պատմության ժամանակակից դասագրքերի պատրաստման հետ կապված խնդիրներ։
«Համազգային» միության կարևոր ձեռքբերումներից է h-pem ցանցային հարթակի ստեղծումը, որի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Զաքար Քեշիշյանի խոսքով՝ այս նախաձեռնությունն ուղղված է այն հայրենակիցներին, որոնք չեն տիրապետում մայրենի լեզվին, սակայն հետաքրքրված եր իրենց արմատներով:
«Նախագիծը ծախսատար է, այս փուլում այն ժամանակավորապես դադարեցված է Լիբանանում տնտեսական ճգնաժամի պատճառով, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում այն ոչ միայն կշարունակի իր աշխատանքը, այլև կզարգանա տարբեր ուղղություններով։ Պահանջվում են ներդրումներ, սակայն այսօր՝ Սիրիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժից հետո, «Համազգայինի» ուշադրությունը կենտրոնացած է սիրիահայությանը աջակցելու հարցի վրա։ Դժվարին պատմական պահերին արդեն իսկ ստեղծված արժեքները պահպանելը ոչ պակաս կարևոր է, քան նոր ծրագրեր զարգացնելը»,- ասաց Զաքար Քեշիշյանը։ – Պետք է չմոռանանք, որ «Համազգայինը» ստեղծվել է Ցեղասպանությունից հետո և ավելի վատ պայմաններում, քան հիմա է, բայց նրա հիմնադիրները հավատացած են եղել իրենց առաքելության կարևորության մեջ, իմացել են, ինչ անել և ինչու, ամբողջությամբ նվիրվել են իրենց գործին։ Եվ այսօր՝ 95 տարի անց, մենք քաղում ենք նրանց աշխատանքի հրաշալի պտուղները: Մենք պարտավոր ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, պահպանել և ավելացնել այն ամենը, ինչ ձեռք է բերվել «Համազգայինի» անցած ճանապարհին՝ հիմնադիրների, միության անդամների և այն հայրենակիցների համատեղ ջանքերով, որոնք սատարել են միությանը ոչ միայն բարոյապես, նաև նյութապես: «Համազգայինը» ստեղծվել է Սփյուռքի կարիքների համար և նրա սկզբնական խնդիրն է՝ հայրենիքի գաղափարը պահպանել, լինելով հայրենիքից հեռու, աջակցել հայկական մշակույթին ու կրթությանը, օգնել այդ ուղղությունների բոլոր օջախներին, ներգրավվել այս գործունեության մեջ երիտասարդների, ովքեր իրենց գործերում ու կյանքում կպահպանեն նախնիների ավանդույթները, կստեղծեն իրենց հայկական ընտանիքները, կպայքարեն հանուն համայն հայության խնդիրների լուծման»։