Պայթյունը Ջանկոյ քաղաքում ոչնչացրել է ռուսական «Կալիբր ՆԿ» թևավոր հրթիռներ. մտցվել է արտակարգ դրություն
Ջանկոյ քաղաքում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է ռուսական «Կալիբր ՆԿ» թևավոր հրթիռներ, որոնք տեղափոխում էին երկաթուղով։ Այս մասին տեղեկացրել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունում։ «Պայթյունը ժամանակավորապես օկուպացված Ղրիմի հյուսիսում՝ Ջանկոյ քաղաքում ոչնչացրել է ռուսական «Կալիբր ՆԿ» թևավոր հրթիռներ երկաթուղով դրանց տեղափոխման ժամանակ։ Հանելուկային «ճայթյունը» շարունակում է Ռուսաստանի ապառազմականացման գործընթացը և ուկրաինական Ղրիմ թերակղզին նախապատրաստում է դեօկուպացիայի»,- նշվել է հաղորդագրությունում։
Հետախուզությունում հիշեցրել են, որ խոսքն այն հրթիռների մասին է, որոնք նախատեսված էին ռուսական Սևծովյան նավատորմի նավերից արձակման համար։ Այդ զենքի խոցման հեռահարությունն ավելի քան 2 500 կիլոմետր է ցամաքային և ավելի քան 375 կիլոմետր՝ ծովային թիրախների դեմ։
«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ Ջանկոյ քաղաքում, որը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների գրոհին, մտցվել է մունիցիպալ մակարդակի արտակարգ դրության ռեժիմ, տեղեկացրել է քաղաքի վարչության ղեկավար Իգոր Իվինը։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը երկուշաբթի երեկոյան տեղեկացրել էր, որ ՀՕՊ-ն աշխատել է անօդաչուների դեմ Ջանկոյի շրջանում, մեկ մարդ վիրավորվել է։ Իվինը նշել է, որ քաղաքում վնասվել են մի քանի օբյեկտներ և էլեկտրացանցեր։ Վնասվել են մի մասնավոր տուն, խանութ, մասնագիտական տեխնիկում։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտարարել է, որ անօդաչուները, պայթուցիկներից բացի, կրում էին նաև կոտորակային ռումբեր։
«Մտցվել է մունիցիպալ մակարդակի արտակարգ դրության ռեժիմ»,- տեղկացրել է Իվինը «Ղրիմ-24» հեռուստաալիքին։ Նրա խոսքով՝ քաղաքում սկսել են հաշվարկել ուկրաինական անօդաչուների հասցրած վնասը։
News.am