Հայկ Մամիջանյան․ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն այս պահին ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, բնականաբար, այլ համատեքստում:

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանը չի կարողանում դա մոնետիզացնել, որովհետև գործընթացների հիմքում, գրեթե բոլոր պարագաներում, այդ իրավունքն է», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մամիջանյանի խոսքով՝ երբ Հայաստանի առջև կար տարբերակ՝ ապահովելու Արցախի առնվազն ստատուս քվո կարգավիճակի պահպանումը՝ հետագայում ինքնորոշման իրացման հույսով, Հայաստանն անհասկանալի իրեն պահեց:

Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքական խոսույթը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի վրա:

«Ինչպես կարելի է Արցախը տանել ու դնել բռնատիրական Ադրբեջանի կազմում դրա պատասխանը թող տան Փաշինյանն ու իր թիմակիցները, համենայնդեպս, ցանկացած քննարկում, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը, պետք է անընդունելի լինի ՀՀ պաշտոնյաների համար», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

Մամիջանյանը, դիմելով Ռուսաստանի գործընկերներին, հայտարարեց՝ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին անընդունելի է համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում:

Խոսելով Բաքու-Ստեփանակերտ բանակցություններից՝ նա ասաց, թե այդ բանակցությունները չարիք են:

«Վիրավոր Արցախը չի կարող հավասարը հավասարին բանակցել առավելապաշտությամբ տառապող երկրի հետ», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Aysor.am