Ադրբեջանը հերքում է հայ զինվորականի գերեվարման մասին տեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Հայաստանի զինված ուժերի զինծառայողի գերեվարման մասին ՀՀ ՊՆ-ի տեղեկատվությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, որ մարտի 21-ին Հայաստանի զինված ուժերի զինծառայողը ավտոմեքենայով մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի զինուժի դիրքերի կողքին և գերի է ընկել, իրականությանը չի համապատասխանում»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ զինվորականները գտնվում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայող Մ.Գ.-ն մարտի 21-ին, ժամը 12:20-ի սահմաններում, մարտական հենակետ սնունդ հասցնելիս վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, ըստ նախնական տվյալների, մոլորվել և ավտոմեքենայով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
«Անմիջապես սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում զինծառայողի ներկայությունը և վերադարձը հաստատելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
News.am