Աֆղանստանում և Պակիստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են մի շարք երկրներում
Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկաստանի որոշ շրջաններում, հայտնում է Al-Jazeera-ն։
Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Պակիստանի օդերևութաբանական վարչությունը գրանցել է 6,8 մագնիտուդով երկրաշարժ՝ հայտնելով, որ էպիկենտրոնը գտնվել է Հինդուքուշ լեռնաշղթայում՝ Աֆղանստանի հեռավոր հյուսիսային Բադախշան նահանգի մոտ:
Միաժամանակ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), ըստ նախնական տեղեկությունների, մագնիտուդը մի փոքր ավելի ցածր է անվանել՝ 6,5։
USGS-ը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի Ջուրմ քաղաքից 40 կմ հարավ-արևելք՝ Պակիստանի և Տաջիկստանի հետ սահմաններին մոտ:
Ըստ առաջին հաղորդագրությունների՝ ստորգետնյա ցնցումներ զգացվել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, ինչպես նաև Պակիստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Իսլամաբադում և Լահորում։
Ականատեսները հայտնել են նաև, որ ցնցումները զգացվել են հնդկական Քաշմիրում, ինչպես նաև Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում։
Ինչպես հայտնում է «Коммерсантъ»-ը, երկրաշարժը զգացվել է հարևան երկրներում՝ Հնդկաստանում, Ղազախստանում, Չինաստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։
News.am