ԳՆԱՑՔԻ ՊՈՏԵՆՑՅԱԼ ԱՂԵՏԻ ԳԻՆԸ ԿԱԶՄԵՑ 10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Օրերս չեխովյան տրագիկոմեդիա ծավալվեց Արմավիրի մարզում՝ հայտնի գրողի «Չարագործը» պատմվածքի գլխավոր հերոսի օրինակով անհայտ անձինք բառիս բուն իմաստով ապամոնտաժել են երկաթուղային գծի վերին կառույցը։ Մարտի 13-ից 14-ը ընկած ժամանակահատվածում Դալարիկ-Արաքս վազուրդի երկաթուղագծից ապամոնտաժվել և կողոպտվել էր 12 մետաղական տակդիր և 300 մեծամեխ, որոնցով ռելսերը ամրակցվում են կոճղերին։

ԸՆԴ ՈՐՈՒՄ, ԴԵՊՔԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՉ ԹԵ պասիվ գործող գծերի վրա, այլ հիմնական, ակտիվ երթևեկելի գծային գոտում, որտեղ արագընթաց բեռնատար և ուղևորատար գնացքների շարժի ինտենսիվությունը բարձր է։ Արարքի լկտիությունը կամ ակամա անհեթեթությունը տեղի է տալիս ենթադրել, որ այն նպատակաուղված դիվերսիա է երկաթուղու նկատմամբ, քանի որ գողոնը էական նյութական արժեք չի ներկայացնում՝ գունավոր մետաղից չէ և տնային տնտեսության մեջ հետաքրքրություն չի ներկայացնում։ Սակայն երկաթուղագծերի նման թուլացումը, կարող էր բերել շատ ծանր հետևանքների, ընդհուպ մինչև գնացքների գծաընկման, իսկ հաշվի առնելով գնացքների զգալի քաշը և մեծ արագությունը, վթարը կառաջացներ Հայաստան տեղափոխող բեռների կորուստ և կբերեր մարդկային բազմաթիվ զոհերի։

Տարօրինակն այն է, որ չարագործը չի գիտակցել իր արարքի հետևանքների լրջությունը, և միայն կատարվածի ժամանակին հայտնաբերումը կանխեց Հայաստանի ու նրա երկաթուղու հայտնվելը համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերին՝ երկաթուղային վթարի սարսափազդու լուսանկարներով։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների համատեղ ջանքերով հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։

Գույքը վնասելու կասկածանքով բերման է ենթարկվել Արմավիր գյուղի բնակիչ ԳԳ.-ն, 1972 թվականի ծնված, ով խոստովանել է, որ գողոնը հանձնել է Արմավիր քաղաքի գունավոր մետաղի ընդունման կետերից մեկում, ինչի համար ստացել է 10 հազար դրամ։

Այսպիսով պարզվեց, որ չեխովյան հերոսի պես քաղաքացին չի գիտակցել իր արարքի հնարավոր ծանր հետևանքները։

Մի կողմից կատարվածի ֆինանսական բաղադրիչը այնքան էլ տպավորիչ չէ, սակայն կողոպուտի արդյունքը կարող էր բերել ծանր հետևանքների։

Հուսով ենք, որ իրավապահ մարմինները հանցագործությանը կտան համարժեք գնահատական, ինչը ուղված կլինի ապագայում նմանօրինակ «զավեշտալի» հանցագործությունների կանխարգելմանը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կոչ է անում նաև մետաղի ընդունման կետերի աշխատակիցներին՝ զերծ մնալ երկաթուղու ենթակառուցվացքի մետաղական մասերի ձեռք բերումից։

Основная тема:
Теги: