«Ժողովուրդ». ԻՆՉ Է ԱՍԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔՊ ՓԱԿ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև իրավապահ մարմինների աշխատանքի և կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնք հենց իր թիմին են առնչվում:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներին և իշխանության ներսում պաշտոնյաների կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների արդյունքում ձերբակալություններին, հայտարարել է՝ ով ուզում է լինի, անգամ իր եղբայրը կամ մտերիմը, իր հետ ճանապարհ անցած հավատարիմ մարդ, թե քաղաքական թիմի հետ նոր համագործակցող անձ, կոռուպցիոն գործարքների մեջ հայտնվելիս չի ներվելու ու պատժվելու է նախկիններից ավելի խիստ:

Այս խոսակցությունը մասնավորապես ծավալվել է Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի շուրջ կատարված բացահայտումներից հետո, որում շոշափվում է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը:

Ըստ էության, Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների նաև Թորոսյանին: Ներկաները քարացած լսել են Փաշինյանին և չեն համարձակվել ոչինչ ասել:

News.am