Գևորգյան․ Հետխորհրդային շատ երկրներ անվտանգության և ժողովրդավարության երկընտրանքի առջև են

Հետխորհրդային տարածքում շատ ազգեր կանգնած են ժողովրդավարության կամ անվտանգության միջև դժվարին ընտրության առջև: Այս մասին ԵԽԽՎ իր ելույթում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, հայտնում են ԱԺ–ից։

Կայուն զարգացման խնդիրներին նվիրված նիստի ընթացքում քաղաքական գործիչը նշել է, որ անբնական իրավիճակ է համարում նման երկընտրանքը:

«Եվրոբարոմետրի համաձայն` թե՛ Ուկրաինայում պատերազմի հնարավոր տարածվելն այլ երկրների վրա, թե՛ կլիմայի փոփոխության արտակարգ դրությունը ԵՄ քաղաքացիների մեծամասնության գլխավոր անհանգստությունն են»,–նշել է Գևորգյանը:

Պատգամավորն ընդգծել է, որ նշվածից զատ կան նաև գլոբալ մարտահրավերներ։

«Հատկապես հետխորհրդային տարածքում զարգացումը հանգեցրել է անբնական իրավիճակի, երբ շատ ազգեր կանգնած են ժողովրդավարության կամ անվտանգության միջև դժվարին ընտրության առաջ... Տնտեսական աճից, սոցիալական պատասխանատվությունից և բնապահպանական հավասարակշռությունից զատ մենք պետք է մտածենք նաև անվտանգության կամ, այլ կերպ ասած, կյանքի համար ապահով և խաղաղ միջավայրի մասին»,–ասել է Գևորգյանը:

Նա ընդգծել է, որ նշված խնդրի լուծումը պահանջում է համարժեք և ռացիոնալ լուծումներ:

Sputnik Արմենիա