ՊՆ նախկին շենքից 13 ընտանիքի տրամադրվել է կացարան, մնացյալները շարունակում են գիշերել դրսում

Պաշտպանության նախարարության նախկին շենքից փետրվարի 16-ին վտարված ընտանիքներից 13-ին տրամադրվել է կացարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակվում է, կատարվում է ընտանիքների կարիքների գնահատում։

Նշենք, որ ՊՆ նախկին շենքում բնակվում էին 100-ից ավելի ընտանիքներ, նրանցից 13-ին կացարան է տրամադրվել, իսկ մնացյալները շարունակում են գիշերել դրսում:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում հարյուրավոր ոստիկաններ ՊՆ նախկին շենքից՝ ՊԵԿ-ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, դուրս են հանել այնտեղ բնակվող մարդկանց։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել Պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այդ շենք են տեղափոխվելու ՊԵԿ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները, լինելու է նաև Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։ Այժմ նախագիծը մշակման փուլում է, շինարակական աշխատանքների սկիզբը նախատեսվում է աշնանը։