Փոխքաղաքապետ Սիմոնյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը:
«Մենք երկու անգամ միջնորդություն ենք ներկայացրել, որ առերես հարցաքննություններ անցկացվեն Սիմոնյանի դեմ ցուցմունք տված մարդկանց հետ, անգամ հենց Սիմոնյանն է իր ցուցմունքում պահանջել, սակայն՝ ապարդյուն։ Դա օրենքի հստակ պահանջ է, երբ մեղադրյալի և այլ անձանց ցուցմունքներում լինում են հստակ հակասություններ, տեղի են ունենում առերես հարցաքննություններ, եթե դրանք չկան, ինձ թույլ են տալիս ողջամտորեն ենթադրել, որ նման մարդիկ ուղղակի չկան»,- ընդգծեց փաստաբան Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, այն ժամանակ Առողջապահության փոխնախարար եղած Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկայի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները: Մարտի 10-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Սուրեն Խաչատրյանի, մարտի 12-ին Գևորգ Սիմոնյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել:
Այս գործով անցնում է 11 բուժաշխատող, որոնցից 8-ի ձերբակալման ժամկետը լրացել էր, և նրանք ազատ են արձակվել: