ՀՀ ԱԳՆ․ Երևանը ջանքեր է գործադրում ԼՂ և Լաչին ՄԱԿ-ի և ԵԱՀԿ առաքելություններ ուղարկելու համար

Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ–ի և ԵԱՀԿ փաստահավաք առաքելություններ ուղարկելու ուղղությամբ։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք հիմա ակտիվ ջանքեր ենք գործադրում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ–ի և ԵԱՀԿ միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու ուղղությամբ»,– ասաց նա։

Միրզոյանն ընդգծեց, որ քայլեր են արվում նաև Լեռնային Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների ներգրավման և հումանիտար գործունեության ծավալման ուղղությամբ։

ԱԳ նախարարը շեշտեց` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված գործառույթների շրջանակներում` հաշվետու տարում քննարկումներ են եղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի, ՄԱԿ–ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հետ։

Ներկայում մարդասիրական աշխատանքներ իրականացնում են միայն ՌԴ խաղաղապահ զորախումբն ու Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։

Ըստ Միրզոյանի ներկայացրած զեկույցի` աշխատանքները շարունակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համանախագահության պահպանման և վերջինիս կողմից կուտակված փորձի օգտագործման ուղղությամբ։ Նրա խոսքով` այդ ամենն արձանագրվել է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության, ինչպես նաև ՀՀ–ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ամփոփիչ համատեղ հայտարարության տեքստերում։

Sputnik Արմենիա