Տուբերկուլոզից հետո կյանք կա. ֆտիզիատրը բացահայտել է հիվանդության մասին միֆերը

21-րդ դարում տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է, և պետք չէ վախենալ, եթե այն հայտնաբերվել է։ Այս հիվանդության մասին Թոքաբանության ազգային կենտրոնի ֆտիզիատր Լիլիթ Զուրաբյանը խոսել է Sputnik Արմենիայի «Առանց տաբուների» հաղորդման եթերում։

Պարզվում է` Հայաստանում հիվանդների մոտ 75%-ը տղամարդիկ են։ Դա պայմանավորված է նրանով, որ տղամարդիկ ավելի շատ են ծխում, ալկոհոլ և թմրամիջոցներ օգտագործվում։ Բացի այդ, նրանք արտագնա աշխատանքի են մեկնում , որի ժամանակ վարակվելու հավանականությունը մեծանում է։ Հանրապետությունում հիվանդ երեխաների թիվը մեծ չէ ` 100 հազար բնակչի հաշվարկով երեք դեպք։

«Հայաստանում ավելի տարածված է տուբերկուլոզի թոքային ձևը` հիվանդների մոտ 70-75%-ը։ Իսկ արտաթոքային ձևերից հիմնականում հանդիպում է ոսկրահոդայինը։ Սակայն պետք է հիշել, որ տուբերկուլոզը բոլոր օրգան–համակարգերը ախտահարում է, բացի մազերից ու եղունգներից», - ասաց նա։

Զուրաբյանը նաև հորդորեց դիմել բժշկի, եթե հազը տևում է 3 շաբաթ և ավելի։ Ախտանշաններ են համարվում նաև թուլությունը, խորխարտահայտությունը, ախորժակի բացակայությունը և քաշի կտրում իջեցումը։ Արնախխումը ևս ախտանիշ է, սակայն այն հիվանդության բարդություն է համարվում։

«Սակայն սա չի նշանակում, որ հիվանդը չի ապրի։ Կան դեղորայքային և վիրահատական միջամտություններ, որոնց միջոցով մենք ազատում ենք այդ ախտանիշից», - նշել է բժիշկը։

Տեսանյութում ֆտիզիատրը պատմել է հիվանդության փոխանցման ձևերի, բուժման տևողության, կրկնավարակների մասին։ Բացի դա նա պարզաբանել է, թե արդյոք մարդիկ կարող են վարակվել տնային կենդանիներից, տատիկական մեթոդները կարող են բուժել հիվանդությունը և պետք է հղիության արհեստական ընդհատում անել, եթե կինը վարակվել է տուբերկուլոզով։

Նշենք, որ Հայաստանում 2021 թվականին հայտնաբերվել է տուբերկուլոզի 580 դեպք, մահացել է 19 անձ, իսկ 2022 թվականին հայտնաբերվել է հիվանդացության 570 դեպք, մահացել է 27 մարդ։