Անդերս Ֆոգ ՌԱՍՄՈՒՍԵՆ․ ԵՄ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՀԱՍԿԱՑՆԵՆ ԱԼԻևԻՆ, ՈՐ ԻՐԵՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ԱՆՊԱՏԻԺ ԳՈՐԾԵԼ
Ողջ ուշադրությունն արդարացիորեն կենտրոնացած է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վրա, բայց դա արդարացում չէ՝ անտեսելու մեկ այլ ճգնաժամ, որը հասունանում է Եվրոպայի շեմին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է՝ բարձրացնելով նոր պատերազմի հեռանկարը, գրում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից միջանցքը փակվել է ադրբեջանցիների կողմից՝ բնապահպանական բողոքի պատրվակով։ Դա ակնհայտորեն տեղի է ունենում Բաքվի ռեժիմի աջակցությամբ։
Քանի որ «ցուցարարները» արգելափակում են դեպի Լեռնային Ղարաբաղ բոլոր քաղաքացիական և առևտրային փոխադրումները, Amnesty International-ը զգուշացնում է, որ մոտ 120 000 էթնիկ հայ բնակիչներ զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական նշանակության դեղամիջոցներն ու բժշկական սպասարկումը: 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած զինադադարի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ճանապարհի ազատ երթևեկությունը երկու ուղղություններով: Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունը՝ հրաժարվելով բացել միջանցքը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին վճիռ է կայացրել, որով Ադրբեջանից պահանջում է ձեռնարկել դրա համար անհրաժեշտ բոլոր քայլերը: Բայց անցել է մեկ ամիս, և ոչինչ չի փոխվել։ Թեև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն երթևեկությունը, նրանք անգործության են մատնված։
Եթե Եվրոպան և միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա՝ շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերաճել հումանիտար աղետի: Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ Լեռնային Ղարաբաղը «խեղդելու» համար։ Բնակիչներին հաճախ թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում են՝ առանց նախազգուշացման և պատճառները բացատրելու։ Ակնհայտ է, որ նպատակը հայ բնակչության կյանքը հնարավորինս բարդացնելն է, և վերահաս էթնիկ զտումների լուրջ վտանգ կա: Մենք չպետք է շեղվենք կատարվածից։ Իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա ինտերնետային տրոլները) շարունակում է պնդել, որ շրջափակում չկա և հրաժարվում է միջազգային դիտորդներին հասանելիություն տրամադրել՝ իրավիճակը գնահատելու համար։ Ուստի միջազգային հանրության առաջնահերթ խնդիրն է միջանցք ուղարկել ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն։ Մենք պետք է հստակ հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կբախվի հետևանքների, եթե շարունակի անտեսել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պարտադիր որոշումը:
2020 թվականի ղարաբաղյան պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ՝ Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից գնված զենքի շնորհիվ: Այս փաստը հաստատվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց Հայաստանի ներսում գտնվող տարածքը՝ ներառյալ ռազմավարական դիրքերը Ջերմուկում՝ ընդամենը երկու օր ռազմական գործողությունների վերսկսումից հետո։ Թեև Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, տարածաշրջանային դաշինք, որը Ռուսաստանը կապում է մոտակա հինգ նախկին խորհրդային հանրապետությունների հետ, որևէ աջակցություն չի ստացել, երբ օգնություն է խնդրել իր ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո: Նա մնացել է խոցելի և միայնակ: Իսկ վատագույնն այն է, որ Ադրբեջանն իր զորքերը պահում է Հայաստանի տարածքում և հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, ակնհայտ նշաններ կան, որ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական միջոցներով կարող է ավելիին հասնել, քան խաղաղ բանակցություններով: Չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի վրա հարձակման վերսկսումը։
Քանի որ Հայաստանի անվտանգության ավանդական երաշխավորը՝ Ռուսաստանը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրոպական Միությունը պետք է ավելի ակտիվ դեր խաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Ե՛վ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոտովանել են դա և այդ հարցին զգալի քաղաքական կապիտալ են նվիրել: Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Բայց դեռ շատ բան կա անելու։
ԵՄ առաքելությունը, որը ներկայումս տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի, որպեսզի վերահսկի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկարությունը: Եվրոպական առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել ադրբեջանական տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարող կանգնեցնել ռազմական գործողությունները, սակայն նրա ներկայության ընդլայնումը լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի նա ընտրի բանակցությունները ռազմական առճակատման փոխարեն: Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ-ն ավելի ու ավելի սերտ տնտեսական կապեր է հաստատել Ադրբեջանի հետ՝ ռուսական գազից ու նավթից նրա արագ հրաժարման շնորհիվ։ Սակայն ԵՄ առաջնորդները պետք է հստակ հասկացնեն Ալիևին, որ նրան թույլ չեն տա անպատիժ գործել, և որ Եվրոպայի կարճաժամկետ առևտրային շահերը չեն գերազանցի նրա արժեքները կամ երկարաժամկետ շահերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում։
Եթե Ադրբեջանը շարունակի անտեսել իր միջազգային պարտավորությունները և Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր դատական որոշումները, ապա պետք է բախվի քաղաքական և տնտեսական հետևանքների: Հայաստանը զարգացող ժողովրդավարություն է չափազանց բարդ հարևանության մեջ։ Ռուսաստանի ազդեցության թուլացման պայմաններում Եվրոպան պետք է ավելի մեծ դեր խաղա տարածաշրջանում։ Սա բարեգործության ձև չէ։ Գործել հիմա, որպեսզի կանխվի ևս մեկ լուրջ հակամարտություն կամ նույնիսկ էթնիկ զտում հետնաբակում։ Բոլորի շահերից է բխում»,-գրում է Ռասմուսենը Project Syndicate պարբերականի համար իր հոդվածում։