Ներքին գործերի նախարարությունը պատրաստակամ է աջակցելու «Հաւք» ԱԹՍ մրցույթին

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Սաթենիկ Մնացականյանին, Արման Պողոսյանին և Վահան Վարդանյանին։

Հյուրերը ՆԳ փոխնախարարին են ներկայացրել «Հաւք» ԱԹՍ մրցույթի նպատակն ու անցկացման մանրամասներ։

Փոխնախարար Սարգսյանը ողջունել է հյուրերին և կարևորել նման միջոցառումների անցկացումը, որոնք միտված են բարձրացնել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:

Արփինե Սարգսյանը Ներքին գործերի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրին։

Հանդիպմանը քննարկվել են մրցույթի անցկացմանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ «Հաւք» մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով լուծումներ առաջարկելը: Այն անցկացվում է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ Մասնակից խմբերին, համապատասխանաբար, առաջադրվում են պարզ, միջին և բարդ խնդիրներ։

Aysor.am