Ուկրաինան պահանջել է միջուկային զենք տեղակայելու ՌԴ ծրագրերի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես արձագանքել է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի մտադրությանը։

Հայտարարությունը գերատեսչությունը հրապարակել է մարտի 26-ի կեսօրին, գրում է «Европейская правда»-ն։

«Ուկրաինան կոչ է անում բելառուսական հասարակությանը կանխել Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայելու հանցավոր մտադրությունների իրականացումը, որը հակասում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով նախատեսված իր պարտավորություններին, ինչը հետագայում այս երկիրը կվերածի Կրեմլի պատանդի և աղետալի հետևանքներ կունենա նրա ապագայի համար», - ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության տեքստում։

«Մենք դիմում ենք Յոթնյակի խմբի երկրներին և Եվրամիությանը՝ զգուշացնելու Բելառուսի իշխանություններին երկրի համար հեռահար հետևանքների մասին, եթե նա համաձայնի իր տարածքում ՌԴ մարտավարական միջուկային զենք տեղակայել», - ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությամաբ։

Ուկրաինան Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ակնկալում է արդյունավետ գործողություններ՝ հակազդելու Կրեմլի միջուկային շանտաժին, այդ թվում՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում միջուկային զենքի կիրառմամբ ագրեսիայի սպառնալիքները կանխելու համար:

«Մենք պահանջում ենք այդ նպատակով անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ», - ասվում է հայտարարության տեքստում։

News.am