Վիգեն Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ դատական ակտը թողնվել է անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը, հայտնում է Դատական իշխանություն տելեգրամ–ալիքը:

Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ:

Հայտնել էինք, որ դեռ փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։

Նշենք, որ նրա նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։

Հիշեցնենք` նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.–ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:

Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել` իրեն առաջադրված մեղադրանքը համարելով քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։

Հավելենք, որ 2023 թվականի փետրվարի 8-ին քրգործով ընդգրկված դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ` գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանքներ)։

Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ։ Նրանց նույնպես մեղադրանք է ներկայացվել։

Sputnik Արմենիա