«Հրապարակ». ՓԱԿԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՐՑԱԽԻ ՎԵՐՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Բաքուն իր վերահսկողության տակ վերցրեց Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը։ Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երևան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն։

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում որքան հաճախ է խոսում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, նույնքան հաճախ էլ պնդում է, որ խաղաղության պայմանագիր լինելու է։ Անցած շաբաթ դա ասաց կառավարության նիստում։ Իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ պրահյան պայմանավորվածության, նշանակում է Արցախի դե յուրե ճանաչում Ադրբեջանի կազմում։

Արցախի մեր հայրենակիցները կարծում են, որ, փակելով Հայաստանի հետ վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը, որ հանգիստ ստորագրի պայմանագիրը՝ չմտածելով, թե արցախցիներն այդ ճանապարհով կշարժվեն Երևան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ըստ արցախցիների վարկածի՝ ճանապարհը կբացվի պայմանագիրը ստորագրելուց որոշ ժամանակ անց, և այն էլ՝ կթույլատրեն սահմանափակ թվով մարդկանց ելքը, իսկ մինչ այդ սոցիալական ծրագրեր կիրականացնեն Արցախից գաղթածների համար՝ փորձելով մեղմել հայրենազուրկ արցախցիների զայրույթը։ Մեր դիտարկմանը՝ իսկ ինչո՞ւ է այս ամենին մասնակցում ռուսական կողմը, ի վերջո, Արցախի հայաթափումը կնշանակի ռուսական կոնտինգենտի հեռացում Հարավային Կովկասից, ստացանք հետևյալ պատասխանը «Եթե կողմերից երկուսը դեմ չեն, երրորդ կողմը պիտի հարմարվի այդ իրավիճակին, բացի դա՝ Արցախի հայաթափումը մեկ կամ երկու օրվա հարց չէ»»։

Aysor.am