ՄՕԿ-ի ղեկավարը խրախուսել է չեզոք կարգավիճակով ՌԴ մարզիկների մասնակցությունը մրցաշարերին

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը խրախուսել է չեզոք կարգավիճակով ռուս մարզիկների մասնակցությունը մրցաշարերին: Այս մասին գրում է Reuters-ը ։

«Մարզիկները մրցաշարերին մասնակցում են ռուսական և բելառուսական անձնագրերով։ Մենք դա տեսնում ենք գրեթե ամեն օր մի շարք մարզաձևերում, ամենից շատ՝ թենիսում», - հայտարարել է նա։

Բախն ընդգծել է, որ այդ մրցաշարերից ոչ մեկում միջադեպեր չեն եղել՝ կապված մրցումների անցկացման անվտանգության հետ:

Ավելի վաղ հայտնում էին, որ Ռուսաստանին կարող են արգելել մասնակցել թիմային խաղային մարզաձևերին, եթե անգամ թույլատրվի նրանց մասնակցել 2024 թվականի օլիմպիական խաղերին: Սահմանափակումը կարող է ազդել այնպիսի սպորտաձևերի վրա, ինչպիսիք են ֆուտբոլը, հանդբոլը և վոլեյբոլը:

Հունվարի 25-ին ՄՕԿ-ը հայտարարել էր, որ դիտարկում է ռուս և բելառուս մարզիկների անհատական մրցումներին մասնակցելու հնարավորությունը: Նշվում էր, որ միջազգային մրցաշարերում հանդես գալու թույլտվություն կարող են ստանալ միայն այն մարզիկները, որոնք չեն աջակցել Ուկրաինայում հատուկ գործողության անցկացմանը և չեն խախտել հակադոպինգային կանոնները:

Sputnik Արմենիա