Աբբաս Ջումա. Ադրբեջանի հարցում Իրանը երկու «կարմիր գիծ» ունի

Իրանը չափազանց անհանգստացած է տարածաշրջանում Իսրայելի ցանկացած ձևով և ցանկացած քանակով ներկայությամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային լրագրող Աբբաս Ջուման։

Նրա գնահատմամբ, Բաքվի և Թել Ավիվի միջև դիվանագիտական հարաբերությունների առկայությունը, դեսպանների աշխատանքը, Ադրբեջանում Իսրայելի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների աշխատանքը՝ այս ամենն արդեն բավարար է, որ Իրանում տագնապ ապրեն այդ կապակցությամբ և պատրաստ լինեն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ սպառնալիքին հակազդելու համար։

Նա հիշեցրեց, որ իրանցիներին շատ է մտահոգում նաև տարածքային հարցը, մասնավորապես՝ Սյունիքով միջանցք բացելու և սահմանները վերագծելու Ադրբեջանի ու Թուրքիայի մտադրությունները։

«Իրանը բազմիցս ասել է, որ սա իր ևս մեկ (իսրայելական գործոնի հետ մեկտեղ) «կարմիր գիծն է»։ Թեհրանն անընդհատ խոսում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները զարգացնելու իր շահագրգռվածության մասին և հակառակը, ինչպես նաև այդ ծրագրերը խոչընդոտելու անթույլատրելիության մասին»,- հավելեց Աբբաս Ջուման։