Փարիզում ցույցերի ժամանակ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների ժամանակ Փարիզում այսօր անկարգություններ են տեղի ունեցել, ցուցարարները հրավառություն են արել ոստիկանների ուղղությամբ, իսկ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել որոշ ցուցարարների դեմ, հայտնում է BBC-ն։

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում օրվա երկրորդ կեսին սկսված հիմնական ցույցի ժամանակ 27 մարդ է ձերբակալվել։

Ավելի վաղ գործադուլ անող երկաթուղայիններն անցել են մայրաքաղաքի ամենամեծ կայարաններից մեկի՝ Լիոնի կայարանի ռելսերով։

Երկրի գլխավոր արհմիություններից մեկը՝ CGT-ն, հայտարարել է, որ Փարիզում ցույցին մասնակցել է գրեթե կես միլիոն ցուցարար, մինչդեռ քաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ այսօրվա ցույցին մասնակցել է մոտ 93 000 մարդ։

Հիշեցնենք, որ ողջ Ֆրանսիայում ցույցեր և գործադուլներ են սկսվել՝ կապված կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու երկրի իշխանությունների պլանների հետ։

News.am